13/06/2019 13:17
Արդարադատության նախարարի պաշտոնը ստանձնելու առաջարկ չեմ ստացել. փոխնախարար
Կառավարությունն աշխատում է ոչ միայն վեթինգի, այլև դատական համակարգային բարեփոխումների վրա։ Շուտով պատրաստ կլինի փաստաթուղթ կամ փաստաթղթերի փաթեթ, որը հանրային քննարկում կանցնի, կառավարության այսօրվա նիստից հետո՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը։
Հարցին՝ հնարավո՞ր է, որ ինքը լինի արդարադատության հաջորդ նախարարը, նա նշեց, որ նման առաջարկ չի ստացել։
Աննա Վարդապետյանը միաժամանակ շեշտեց, որ նախկին նախարար Արտակ Զեյնալյանի հետ որևէ տարաձայնություն չի ունեցել։ Ոլորտային խնդիրների շուրջ վերջինիս տեսակետը մշտապես համընկել է կառավարության տեսակետի հետ։
Գործադիրի ներկայացուցիչը միաժամանակ նշեց, որ կան ոլորտային որոշակի բացթողումներ, որոնք թույլ չեն տալիս իրականացնելու վստահելի արդարադատություն։
Հարցին՝ արդյոք իր կարծիքով Հայաստանում կան դատավորներ, որոնք գիտակցում են, որ անաչառ ու օբյեկտիվ չեն, բայց հրաժարական չեն ներկայացնում, Աննա Վարդապետյանը պատասխանեց, որ չի կարող դիտարկմանը որևէ գնահատական տալ։
Փոխնախարարն ընդգծեց՝ իրենց գերնպատակն է, որպեսզի վեթինգի իրականացման փուլում արդարադատության ոլորտն անխափան գործի։