13/06/2019 18:07
Ղազախստանում նախագահական ընտրությունների օրվանից ի վեր 957 մարդ է բերման ենթարկվել
Ղազախստանում հունիսի 9-ին կայացած նախագահի արտահերթ ընտրությունների օրվանից չարտոնված բողոքներին մասնակցելու համար բերման է ենթարկվել 957 մարդ, հայտարարել է երկրի Գլխավոր դատախազությունը։
670 բերման ենթարկվածներ ստացել են վարչական կալանքներ, ևս 115-ը տուգանվել են, 172-ը՝ ստացել նախազգուշացում, գրել է Tengrinews.kz-ն:
Դատախազության մարմինները միջնորդել են 670 անձանցից 311-ի կալանքների ժամկետների կրճատման մասին, դատարաններն այդ խնդրագրերը բավարարել են, կալանավորներն ազատ են արձակվել:
«Այսօր դուրս կգա ևս 63 անձ», - հայտնել են դատախազությունից։
Հունիսի 9-ին և 10-ին Ալմաթիում և Նուր Սուլթանում տեղի են ունեցել չարտոնված ակցիաներ՝ նախագահի ընտրությունները բոյկոտելու կոչով:
Քվեարկության օրն այդ քաղաքներում ոստիկանությունը բերման էր ենթարկել մոտ 500, հունիսի 10-ին՝ մոտ 200 մարդու: