14/06/2019 15:48
Հո ես տիկնիկ չե՞մ, որ ինչ ուզեք՝ ասեք. Սեդա Սաֆարյանը և դատախազները բացարկ հայտնեցին Քոչարյանի և մյուսների գործով դատավորին
Վերաքննիչ քրեական դատարանում Քոչարյանի և մյուսների գործով փաստաբանների՝ ինքնաբացարկի միջնորդության մերժումից հետո դատավոր Արմեն Դանիելյանին այլ ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն էր սպասվում։ Այս անգամ դատավորին բացարկ հայտնեց Մարտի 1-ի գործով տուժողի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը։ Ներկայացնելով իր միջնորդությունը՝ փաստաբան Սաֆարյանը հայտարարեց, որ ինքը և տուժողը վստահ չեն դատավոր Դանիելյանի անաչառության հարցում։
Նա մատնանշեց մի քանի քրեական գործեր, որոնք եղել են Արմեն Դանիելյանի վարույթում ու կասկածի տակ դրեց նրա անաչառությունը։
Երբ փաստաբանը ներկայացնում էր միջնորդությունը, դատավորը փորձեց դահլիճում մեղմել աղմուկը՝ դիտողություն անելով Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանին, սակայն Սեդա Սաֆարյանին դուր չեկավ, որ իրեն ընդհատում են ու բարկացավ.
«Ինձ ինչո՞ւ եք խանգարում, ուզում եմ հասկանալ։ Հո ես տիկնիկ չե՞մ, որ ի՞նչ ուզեք՝ անեք»։
«Շարունակեք, տիկին Սաֆարյան», - արձագանքեց դատավորը։
«Դուք Ռոբերտ Քոչարյանի ռեժիմի պաշտպանն եք հանդիսացել մի ամբողջ ժամանակահատված, ենթարկվել եք քաղաքական գծած սխեմային և հիմա պետք է լսեք Քոչարյանի կալանքի վերաբերյալ գործը, ինչը իմ և տուժողի կողմից բացառում է Ձեր կողմից արդարացի լինելու հնարավորությունը։ Ձեր հանդեպ իմ և տուժողի վստահությունը հասել է զրոյական շեմի և նկատի ունենալով, որ Ձեզ չենք ճանաչում որպես արդարության համար պայքարող, սկզբունքային դատավոր, գտնում եմ, որ դուք ակնհայտ բացարկման ենթակա եք», - հայտարարեց Սաֆարյանը։
Մեղադրանքը դատարանում պաշտպանող դատախազները ևս միացան Արմեն Դանիելյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդությանը։
Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը 15 րոպե ընդմիջում խնդրեց՝ Սաֆարյանի ներկայացրած ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը քննարկելու համար։
Դատարանը բավարարեց Օրբելյանի միջնորդությունը, և այժմ դատարանում ընդմիջում է։