14/06/2019 18:18
Հույս ունենք, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը դրական ազդեցություն կունենա. Բաբայան
Հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից ակնկալիքներ ունենք այն առումով, որ ցանկացած նման հանդիպում դրական է անդրադառնում տարածաշրջանային խաղաղության և կայունության վրա։
Կարծում եմ՝ երկու երկրների արտգործնախարարների հերթական հանդիպումն այդպիսի լիցք կհաղորդի, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը։
«Իհարկե, լավ ճանաչում ենք Ադրբեջանին և հասկանում ենք, որ Ադրբեջանը շարունակելու է իր ապակառուցողական քաղաքականությունը։ Այնուամենայնիվ, հույս ունենք, որ Մնացականյան-Մամեդյարով հանդիպումն ինչ-որ դրական ազդեցություն կունենա։ Այն, որ Ադրբեջանը չի վերանայում իր տեսլականը, փաստ է, բայց անկախ ամեն ինչից՝ երկկողմ հանդիպումները շատ կարևոր են։
Դրանք նախևառաջ թույլ են տալիս պահպանել խաղաղությունն ու կայունությունը, ինչպես նաև՝ բանակցային գործընթացի շարունակականությունը», - ասաց Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Վաշինգտոնում նախատեսված հանդիպման վերաբերյալ՝ տեղեկացնելով, որ այն կայանալու է հունիսի 20-ին։