14/06/2019 19:48
Դատարանում հնչեցվում են սպառնալիքներ գործից հեռու մնալու վերաբերյալ. Դատախազը՝ Քոչարյանի հայտարարության մասին
Հայաստանի 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը Վերաքննիչ դատարանում Երևանի դատախազ Գևորգ Բաղդասարյանը, որը դատարանում պաշտպանում է մեղադրանքը, համարեց սպառնալիք դատարանի հասցեին:
«Մենք լսել ենք ուղիղ, ըստ էության, սպառնալիքին նմանվող ձևակերպումներ՝ այս գործից հեռու մնալու, այս գործի հեռանկարների ու արդյունքում՝ պատասխանատվության չենթարկվելու հեռանկարից հեռու մնալու մասին: Մենք գտնում ենք, որ դատավորը պետք է անկախ լինի, չենթարկվի այդպիսի ճնշումներին, այդպիսի ձևակերպումներին ու կայացնի օբյեկտիվ որոշում», - հայտարարեց Գևորգ Բաղդասարյանը:
Հիշեցնենք՝ Ռոբերտ Քոչարյանը դատավորին հորդորել էր ինքնաբացարկ հայտնել և հայտարարել Մարտի 1-ի գործի շրջանակներում հետագայում որոշ անձանց պատասխանատվության ենթարկվելու հնարավորության մասին:
«Ձեր յախան թափ տվեք այս գործից, սրանից լավ հոտ չի գալիս, իրոք, լավ հոտ չի գալիս այս ամեն ինչից։ Այս գործը կարելու, սարքելու համար մարդիկ հետագայում պատասխանատվության են ենթարկվելու շատ փիս», - հայտարարել էր նա։
Նկատենք, որ այս պահին Վերաքննիչ քրեական գործերով դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ խորհրդակցական սենյակում է:
Դատարանում այսօր ներկայացված միջնորդությունների վերաբերյալ դատավորը որոշումը կհրապապարակի հունիսի 18-ին, ժամը 16:00-ին:
Ներկայացված բոլոր միջնորդությունները վերաբերում էին դատավորի ինքնաբացարկ հայտնելուն:
Միջնորդություն ներկայացնողների համար կասկածելի էր դատավորի անաչառությունը: Դատախազությունը չի առարկել ներկայացված միջնորդություններին, ավելին՝ դատախազական խմբի համար ևս կասկածելի էր դատավորի օբյեկտիվությունը: