14/06/2019 13:22
Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից լուրջ ակնկալիքներ չարժե ունենալ. քաղաքագետ
Ասել, որ հունիսի 20-ին Վաշինգտոնում կայանալիք Մնացականյան-Մամեդյարով հանդիպումից լուրջ ակնկալիքներ ունեմ, սխալ կլինի։ Բայց այն, որ կողմերը հանդիպելու և քննարկելու են խնդրահարույց հարցեր, այդ իմաստով հանդիպումը դրական է։ Որքան կարող են, թող հանդիպեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Թևան Պողոսյանը։
«Եթե մինչ այս ունեինք իրավիճակ, երբ սահմանին հարաբերական անդորր էր, և կարելի էր խոսել ինչ-որ հումանիտար ծրագրերի ու վստահության մթնոլորտի ձևավորման մասին, ապա այսօրվա դրությամբ ադրբեջանական ագրեսիան հանդիպումից առաջ բարենպաստ իրավիճակ չի ձևավորում։ Պետք է գիտակցել, որ նման ձևով հանդիպման գնալը ոչ մի լավ բան չի տալու։ Իհարկե, երկու երկրների արտգործնախարարների միջև հանդիպումը հունիսի 20-ին կկայանա, սակայն վստահ եմ, որ մինչև այդ հայկական կողմը քննարկումներ կունենա արցախյան կողմի հետ», - ասաց մեր զրուցակիցը։
Հարցին՝ կարո՞ղ է Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը թուլացնել վերջին երկու շաբաթների սահմանային լարվածությունը, Թևան Պողոսյանը պատասխանեց՝ հայկական կողմի հետ բոլոր հանդիպումներից առաջ Ադրբեջանը մշտապես նույն՝ ագրեսիվ վարքագիծն է ցուցաբերում՝ ցույց տալու, որ բանակցությունների գնում է ավելի ուժեղ։
«Կմեղմի արդյոք այս հանդիպումը իրավիճակը, թե ոչ, ինձ համար տարբերություն չկա, որովհետև ադրբեջանական կողմը վաղուց քաղաքական որոշում ունի՝ Արցախի հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով, իսկ մինչ այդ ժամանակ է շահում», - նշեց քաղաքագետը։
Վերջում Թևան Պողոսյանը շեշտեց, որ սահմանին անդորրն ապահովում են Հայաստանի և Արցախի զինված ուժերը, ուրիշ ոչ մի բան։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին նախատեսվում է Վաշինգտոնում Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո անցկացնել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև հերթական հանդիպումը։