14/06/2019 14:24
Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ. ԱԺ նախագահ
Շվեդիայի կառավարությունը որոշում է կայացրել թարմացնել իր արտաքին քաղաքական ռազմավարությունը և զարգացնել երկկողմ համագործակցությունը Հայաստանի հետ, այդ մասին Շվեդիա կատարած այցից հետո ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
«Նախորդ ամիսների ընթացքում մեր բազմաթիվ շփումները, ինչպես նաև օրերս մեր պաշտոնական այցի ընթացքում ունեցած շատ անկեղծ, ջերմ և արդյունավետ քննարկումները Շվեդիայի Արտաքին գործերի նախարար Մարգո Ուոլսթրոմի, Միջազգային զարգացման համագործակցության նախարար Փիթեր Էրիքսոնի, ԵՄ գործերի նախարար Հանս Դալգրենի, Ռիկստագի խոսնակ Անդրեաս Նորլենի, փոխխոսնակների և պատգամավորների հետ գալիս են հավաստելու, որ մեր բարեկամությունը լուրջ հեռանկարներ ունի։ Շնորհակալություն և ողջույններս մեր շվեդ գործընկերներին», - նշել է նա։