15/06/2019 13:20
Մանվել Գրիգորյանը հետազոտություններն անցել է, սպասում ենք պատասխաններին. վիճակը միջին ծանրության է. Անատոլի Գնունի
ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին երեկ «Գրիգոր Լոսավորիչ» ԲԿ-ից շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Նաիրի» բժշկական կենտրոն։
«Մանվել Գրիգորյանը հետազոտություններն անցել է, սակայն պատասխանները դեռ չունենք, որպեսզի վիճակի մասին լիարժեք գնահատական տանք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց «Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունին։
Նա նշեց, որ Գրիգորյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության։
«Գտնվում է հիվանդասենյում, սպասում ենք հետազոտության պատասխաններին», - ասաց նա։
Հարցին՝ պատասխաններից հետո հստակ կլինի՞՝ մնալու՞ է հիվանդանոցում, թե՞ կտեղափոխվի քրեակատարողական հիմնարկ, Անատոլի Գնունին ասաց, որ իրենք չեն որոշում ՝ Մանվել Գրիգորյանը տեղափոխվում է ՔԿ, թե ոչ։
«Դա որոշում է քրեակատարողական վարչությունը, մենք յուրաքանչյուր հիվանդի պատրաստ ենք բուժօգնություն ցուցաբերել այնքան ժամանակ, ինչքան որ այդ հիվանդը կարիքն ունի», - ընդգծեց Անատոլի Գնունին։
Հիշեցնենք՝ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու մեջ։
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։