15/06/2019 11:26
Վատանալու է աշխատանք ունեցող, բայց աղքատների սոցիալական վիճակը, ո՞վ պետք է մտածի գլխներում աղքատություն չունեցողների մասին. Արմեն Գրիգորյան
Խորհրդարանը հունիսի 7-ի արտահերթ նիստում քննարկեց ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով կառավարությունն առաջարկում է 2 տոկոսային կետով նվազեցնել շահութահարկի դրույքաչափը և ներդնել եկամտային հարկի մեկ միասնական դրույքաչափ` 2020 թվականի հունվարի 1-ից սահմանելով 23 տոկոս, այնուհետև եկամտային հարկի դրույքաչափը մինչև 2023 թվականը աստիճանաբար նվազեցնել մինչև 20 տոկոս:
Նշվել է, որ նախագծով ավելացված արժեքի հարկի բարձրացում չի նախատեսվում, քանի որ այդ հարկատեսակի բարձրացումն ուղղակիորեն մեծացնում է աղքատությունը: Փոխարենը կառավարությունն առաջարկում է որոշ ապրանքատեսակների համար բարձրացնել ակցիզային դրույքաչափերը, քանի որ գործող համակարգն, ըստ կառավարության, մի շարք բացասական կողմեր ունի:
Հարկային օրենսգրքի փոփոխությունների թեմայի շուրջ Aysor.am-ը զրուցել է ՀՅԴ Էկոնոմիկա և ֆինանսներ հանձնախմբի նախագահ, տնտեսագետ Արմեն Գրիգորյանի հետ։
- Ըստ Ձեզ, ի՞նչ նպատակ է հետապնդում այս փոփոխությունը և որքանո՞վ է փաստարկված։
- Այո՛, Դուք ճիշտ նշեցիք, Հարկային օրենսգրքի փոփոխությունների նախագիծն արդեն անցել է առաջին ընթերցումը: Կիրառվում է մի հիմնարար մոտեցում, այն է՝ ուղղակի հարկերը պակացեսնելով զուգահեռ ավելացվեն անուղղակի հարկերը, տվյալ դեպքում ակցիզային հարկը՝ դրանց հավաքագրումը բիզնեսից տեղափոխելով սպառման դաշտ:
Իշխանության ներկայացուցիչները հիմա կարող են հակադարձել, որ ներդրվում է գույքահարկի պրոգրեսիվ համակարգ, ինչը նույնպես ուղղակի հարկ է, բայց, այնուամենայնիվ, բարձր արժեքի գույք ունեն հարուստները, իսկ բարձրացված ակցիզային հարկով սպառման ենթակա ապրանքները սպառում են բոլորը:
Ձեր նշած տարեթվին՝ 2023 թվականին, օղու ակցիզային հարկն այս պահին գործող դրույքաչափից ավելի կլինի 2595 դրամով կամ 3.11 անգամ, 50%-ով կբարձրանա գինու ակցիզային հարկը և այլն: Եվ առհասարակ, եկամտային հարկի համահարթեցման հաջողված օրինակ չկա, իսկ ձախողված օրինակները բազմաթիվ են: Հարկային օրենսգիրքը չի կատարում իր ֆունկցիաներից մեկը, դա եկամուտների վերաբաշխումն է, չի նպաստում սոցիալական համերաշխությանը, չի գնահատվում սոցիալական բաղադրիչի տեսանկյունից: Այս օրինագծով իշխանությունը հրաժարվում է իր պոզիտիվ պարտականություններից և իր իսկ կողմից հռչակած ներառական տնտեսական կարգից՝ արմատավորելով կոշտ հետադիմական նեոլիբերալ տնտեսական կարգ:
- Առաջարկվում է նաև եկամտային հարկի համահարթեցման մոդել։ Ի՞նչ հետևանք այն կարող է ունենալ և արդյոք այս մոդելն արտացոլու՞մ է հասարակության ակնկալիքներն ու պահանջները:
- Բնականաբար, չի կարող բավարարել հասարակության սպասելիքները, իսկ սպասելիքները շատ մեծ են: Եկամտային հարկի համահարթեցման արդյունքում պետական բյուջեի մուտքերի կրճատումը նախատեսվում է փոխհատուցել անուղղակի հարկերի ավելացմամբ: Սա էլ անխուսափելիորեն կհանգեցնի գնողունակության անկման: Եթե համահարթ հարկման համակարգը ներդրվի, հետո դրանից ձերբազատվելը կդառնա մի նոր բարդություն: Եկամտային հարկի տոկոսադրույքի իջեցմանը զուգահեռ վերականգնվելու է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի 2.5%-ը և նորից դառնալու է 5%, ինչի իջեցումը վերջին շրջանում բերվում էր, որպես աշխատավարձի բարձրացման գործիք: Հարցն այն է, որ եկամտային հարկի համահարթեցմամբ բարելավվում է միայն բարձր եկամուտ ունեցողների վիճակը, իսկ ցածր եկամուտ ունեցող մեր քաղաքացիների (մոտ՝ 71.4%) սոցիալական վիճակն ավելի է վատանում: Վատանալու է աշխատանք ունեցող, բայց աղքատների սոցիալական վիճակը, հիմա այս մարդիկ աշխատանք ունեն, վեր են կացել և քայլում են, գլխներում էլ աղքատություն չկա, բայց աղքատ են, իսկ նրանց մասին ո՞վ պետք է մտածի: Ի վերջո, այս օրինագիծը հակասում է նաև ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական և շուկայական տնտեսական համակարգ ունենալու պահանջին: Պետք էր գնալ պրոգրեսիվ հարկման համակարգի բարելավման ճանապարհով: