17/06/2019 22:12
«Սասնա ծռերը» ողջունում են Ռուսաստանի դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրելու փաստը
«Սասնա ծռեր» կուսակցությունը ողջունում է Ռուսաստանի դեսպանին ՀՀ ԱԳՆ հրավիրելու և ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում նրա հետ զրույց ունենալու փաստը:
«ՀՀ իշխանությունների այս գործողությունը գնահատում ենք որպես ՀՀ սուբյեկտության դրսևորման փոքր, բայց աննախադեպ քայլ: Ակնկալում ենք, որ այսուհետև նման մոտեցումը կդառնա օրինաչափություն», - ասված է կուսակցության հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
«Այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում», - Facebook-յան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «Հաստատում եմ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անցյալ շաբաթ հրավիրվել է ՀՀ ԱԳՆ: Հավելելու ոչինչ չունեմ»:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ վերջինի գրասենյակում։
Դրանից հետո ՌԴ դեսպանատունը հանդես էր եկել պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ Կոպիրկինը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում։