17/06/2019 18:32
Արցախում զինծառայողը վիրավորում ստացել է աչքի շրջանում. ձերբակալվել է նրա ծառայակիցը
2019թ. հունիսի 15-ին, ժամը 11:45-ի սահմաններում, N զորամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ. Գալստյանի՝ ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հ. Գալստյանի ծառայակիցը:
Հ. Գալստյանը քրեական գործով ճանաչվել է տուժող:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: