17/06/2019 14:58
Սնկային հիվանդությունների պատճառով ծիրանի բերքը մոտ 50 տոկոսով քիչ կլինի. Բերբերյանը մեղադրում է գյուղնախարարությանը անգործության համար
Նախորդ տարվա համեմատ՝ այս տարի ծիրանի բերքը մոտ 50 տոկոսով քիչ կլինի։ Պատճառներից մեկը՝ անձրևների հետևանքով առաջացած սնկային հիվանդություններն են, որոնց դիմագրավելու համար գյուղացին նախապես պատշաճ չի ծանուցվել, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը՝ շեշտելով, որ ծիրանի ռեկորդային բերքի մասին որոշ անձանց հայտարարություններն իրականությանը չեն համապատասխանում։
Նրա խոսքով, կան ցանքատարածություններ, որտեղ վնասվել է բերքի 10 տոկոսը, իսկ որոշ դեպքերում՝ ընդհուպ մինչև 50 տոկոսը։
«Սնկային հիվանդությունները, ինչպես հայտնի է, առաջանում են անձրևներից հետո՝ շոգի և գերխոնավության պայմաններում։ Օրինակ՝ հենց այսօր անձրև եկավ, իսկ հետո արև եղավ, բավականին շոգեց, և օդի հարաբերական խոնավությունը բարձրացավ», - ասաց մեր զրուցակիցը։
Հրաչ Բերբերյանը շեշտեց՝ գյուղացիներին պետք է նախապես կոչ արվեր՝ յուրաքանչյուր անձրևից հետո ծառերն ախտահանել, սրսկումներ կատարել, սակայն գյուղատնտեսության նախարարության կողմից նախազգուշացումներ չեն եղել։
Հարցին՝ ի՞նչ աստիճանի են վնասում ծիրանի բերքը սնկային հիվանդությունները, մեր զրուցակիցը պատասխանեց՝ առաջին հերթին տուժում է ապրանքային տեսքը, բացի այդ՝ պտուղը հենց ծառի վրա կարող է նեխել, դեֆորմացվել, այնուհետ պոկվել և ընկնել։
Հրաչ Բերբերյանից նաև հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է, որ ծիրանի արտահանման ժամանակ բերքի՝ սահմանված չափորոշիչներին չհամապատասխանելու պատճառով խնդիրներ առաջանան։
«Չեմ կարծում, որովհետև արտահանողը գիտի, որ պետք է առողջ ծիրան արտահանի, այնպես որ այստեղ խնդիր չենք ունենա։ Բայց արտահանումների քանակն, իհարկե, կպակասի։ Արտահանողը ոչ ապրանքային տեսքով ծիրան չի արտահանի», - նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահը։
Անդրադառնալով ծիրանի սպասվող գներին՝ ինչպես ներքին շուկայում, այնպես էլ արտահանման դեպքում, Հրաչ Բերբերյանը նկատեց, որ ազգաբնակչությունը լիարժեքրեն կկարողանա օգտվել այս մրգատեսակից, իսկ արտահանման գինը պարզ կլինի ավելի ուշ։
«Այս պահին գինը դեռ բարձր է. տարին 10 օր հետ է ընկել։ Բնականաբար, ներկա գնով ծիրան չի արտահանվի։ Իսկ ահա նախորդ տարվա այս ժամանակաշրջանում բավական ծիրան էինք արտահանել», - հիշեցրեց մեր զրուցակիցը։
Նա միաժամանակ շեշտեց, որ սեզոնային մրգերից այս պահին վտանգված են նաև կեռասը, խնձորը և դեղձը։
«Կոչ ենք անում, որ գյուղացին ժամանակին սրսկումները կատարի։ Ինչ վերաբերում է խաղողին, վիճակն ավելի պարզ կլինի օգոստոսին», - ասաց Հրաչ Բերբերյանը։