17/06/2019 19:03
Քոչարյանի հետ հանդիպումից հետո ՌԴ դեսպանին հրավիրել են ԱԳՆ
Ռուսաստանում Հայաստանի դեսպանը հրավիրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։
«Այսօր ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստից հետո, որի շրջանակներում քննարկվել էր նաև ՌԴ դեսպանի և Ռոբերտ Քոչարյանի միջև տեղի ունեցած հանդիպումը, խոսել եմ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։
Նախարարն ինձ տեղեկացրեց, որ իրականում ՌԴ դեսպանն այս առնչությամբ անցած ուրբաթ հրավիրվել է ԱԳՆ, որտեղ դեսպանի հետ տեղի է ունեցել զրույց՝ ՀՀ ներքին գործերին չմիջամտելու համատեքստում։
Իսկ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանն այս մասին հանձնաժողովի նիստի ընթացքում չէր ասել, որովհետև այդ պահին չուներ տեղեկությունը հրապարակայնացնելու թույլտվություն»,- Facebook-յան իր էջում գրել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Aysor.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն ասաց. «Հաստատում եմ, որ Հայաստանում Ռուսաստանի դեսպանն անցյալ շաբաթ հրավիրվել է ՀՀ ԱԳՆ: Հավելելու ոչինչ չունեմ»:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ վերջինի գրասենյակում։
Դրանից հետո ՌԴ դեսպանատունը հանդես էր եկել պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ Կոպիրկինը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում։