17/06/2019 13:23
Ուզում ենք կառուցել եվրոպական ստանդարտներով մոդելավորված երկիր. Զոհրաբ Մնացականյան
Ինձ համար մեծ բավականություն է Հայաստան-ԵԽ գործողությունների նոր քառամյա ծրագիրի մեկնարկը։ Դա մեր համագործակցության մեջ կարևոր գործիք է, 2019-2022թ. գործողությունների ծրագրի պաշտոնական մեկնարկի արարողության ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Հիշում եմ, երբ 2012թ.-ին ներկայացրեցինք առաջին ծրագիրը։ Դրական արձագանքն այն է, որ դա կարևոր գործիք է եղել Հայաստանի բարեփոխումներին աջակցելու համար՝ քրեական արդարադատությունից մինչև տեղական ժողովրդավարություն, կոռուպցիայի դեմ պայքար և բազմաթիվ այլ ոլորտներ։ Այս տարի մեր հավակնություններն ավելի բարձր են, բյուջեն՝ բավական հավակնոտ՝ 18.9 միլիոն դոլար, և կենտրոնացած է բարեփոխումների այն ուղղությունների վրա, որոնք կառավարությա համար գերակա են», - ասաց ՀՀ արտգործնախարարը։
Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ այս պահին շատ դրական արձագանքներ են ստանում դոնորական հանրույթից։
«Հաշվարկել ենք, որ մոտ 57 տոկոսը խոստացված է՝ 2019-2021 թվականների գործողությունների կատարման համար։ Դա գերազանց արդյունք է։ Սրանք մեր բարեփոխումներն են, Եվրոպայի խորհրդինը կամ դոնորական կազմակերպություններինը չեն։
Հայաստանը ցույց է տվել, որ լուրջ է տրամադրված, և ուզում ենք կառուցել երկիր, որը մոդելավորված է եվրոպական ստանդարտներով, ամուր կանգնած է ժողովրդավարության և մարդու իրավունքների միասնական արժեքների վրա։ Ես ամբողջովին վստահ եմ, որ մենք լավագույն նախապայմաններն ունենք, որպեսզի այս կարևոր ծրագիրը լավագույնս ծառայեցնենք մեր երկրի կարիքներին», - ասսաց Զոհրաբ Մանացականյանը։