17/06/2019 14:13
Ինչո՞ւ եք ամեն ինչի մեջ 7 հարկանի կոնսպիրոլոգիաների մեջ մտնում. ԱԺ նախագահը՝ լրագրողներին
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշ անդամների դեպքում սպասելի էր վարչությունում լինելը, որոշների դեպքում՝ ոչ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահը՝ մեկնաբանելով հունիսի 16-ին ՔՊ համագումարում վարչության ընտրությունը։
Նկատենք, որ ՔՊ վարչության նախկին նախագահ Սասուն Միքայելյանը թեպետ մասնակցել էր վարչության ընտրությանը, բայց չի ընտրվել։ Միրզոյանի խոսքով՝ որևէ մեկը չէր կարող 100 տոկոս ճշգրտությամբ կանխատեսել վարչության նման կազմը։
Լրագրողի դիտարկմանը, թե Սասուն Միքայելյանի չընտրվելը պատասխանն էր նրա կողմից Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ թեկնածուին չաջակցելուն, ԱԺ նախագահը վրդովված արձագանքեց. «Այ ժողովուրդ ջան, ինչի՞ համար եք... լուրջ եմ ասում, ես չեմ հասկանում, ինչի՞ համար եք ամեն ինչի մեջ յոթ հարկանի պատճառներ տեսնում ու կոնսպիրոլոգիաների մեջ մտնում։ Իսկապես, չեմ հասկանում։ Բոլորս սովոր ենք էդպիսի պատճառներ տեսնե՞լ ամեն ինչի մեջ»։
Նա հստակեցրեց՝ 51 անդամ դրել է իր թեկնածությունը վարչության կազմում ընդգրկվելու համր ու փակ, գաղտնի քվեարկությամբ ընտրվել են 21 անդամներ։
«Այստեղ վիրավորական բան կա՝ երբ դուք ասում եք՝ չեք կարծում, որ դա՞ է պատճառը, դա նշանակում է, որ այս ընտրության արդյունքը կազմակերպված ու կանխորոշված էր ինչ-որ իքս մարդու, ենթադրաբար՝ Նիկոլ Փաշինյանի կողմից և քանի որ ինչ-որ պահի չի գոհացրել ասենք՝ Նիկոլ Փաշինյանի կամ այլ խմբի, իրենք որոշել են, որ Սասուն Միքայելյանը պետք է չլինի ու բոլոր պատվիրակներին ասել են՝ այդպես կքվեարկեք։ Մի քիչ օգնեք ձևավորել նոր Հայաստանի մշակույթը էլի», - դիմելով լրագրողներին՝ ասաց Արարատ Միրզոյանը։