17/06/2019 13:10
«New York Times»-ը պատասխանել է պետական դավաճանության մասին Թրամփի մեղադրանքներին
«New York Times» թերթը պատասխանել է պետական դավաճանության վերաբերյալ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի մեղադրանքներին ու հայտարարել է, որ լրատվամիջոցների հասցեին նման հայտարարությունները վտանգավոր են։
Թերթը նաև նշել է, որ կառավարությունը նախապես՝ մինչև հրապարակումը, ծանոթացել էր իրենց հոդվածի տեքստին։
«New York Times» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ Միացյալ Նահանգների հատուկ ծառայությունները հաճախացրել են վնասաբեր ծրագրային ապահովման ներդրման փորձերը Ռուսաստանի էներգահամակարգերում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր թերթի պնդումները, իսկ հեղինակներին անվանել «ժողովրդի թշնամիներ» և նշել, որ նման «ոչ ստույգ պատմության» հրապարակումը «փաստորեն երբեմնի մեծ թերթի կողմից պետական դավաճանություն է»:
«Մամուլին դավաճանության համար մեղադրելը վտանգավոր է: Մենք հոդվածը նկարագրել ենք կառավարությանը նախքան հրապարակելը, և նախագահի ազգային անվտանգության հարցերով ներկայացուցիչները նշել են, որ որևէ մտահոգություններ չեն եղել», - ասված է թերթի տարածած հայտարարության մեջ։