17/06/2019 11:22
Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման համար. Պատգամավորն՝ ԱԳ փոխնախարարին
Այսօր Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում ԱԺ «Լուսավոր Հայաստանի» պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԳ փոխնախարար Գրիգոր Հովհաննիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք ԱԳՆ-ն հետաքրքրվե՞լ է Ռոբերտ Քոչարյանի և ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանի միջև տեղի ունեցած հանդիպման զրույցի մանրամասների մասին։
«Ինչո՞ւ մինչև հիմա ՌԴ դեսպանը չի կանչվել ԱԳՆ՝ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպման վերաբերյալ պարզաբանում տալու համար», - հարցրեց Բաբաջանյանը։
Ի պատասխան Գրիգոր Հովհաննիսյանն ասաց, որ դիվանագիտական տեսանկյունից դեսպանը որևէ սխալ բան չի արել։
«Դիվանագիտական արարողակարգի նորմերի շրջանակներում դեսպանը որևէ սխալ արարք չի գործել, այն չի կարող դատապարտելի ու հատուկ քննարկման առարկա դառնալ մեր գերատեսչության կողմից։ Նույնիսկ քննության շրջանակներում, մենք կտրուկ առարկություններ չենք կարող անել», - ավելացրեց փոխնախարարը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն իր հերթին նկատեց, որ իր համար այդ հանդիպումը տարակուսելի է և ողջունելի չէ։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանդիպել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ վերջինի գրասենյակում։
Դրանից հետո ՌԴ դեսպանատունը հանդես եկավ պարզաբանմամբ՝ տեղեկացնելով, որ Կոպիրկինը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում։