18/06/2019 12:45
Վահե Գրիգորյանը եղել է Քոչարյանի կողմից հաստատված դատախազների պաշտոնեական պիտանիության ցուցակում (Խմբագրված)
«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանն այսօր ԱԺ-ում հարց ուղղեց Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանին՝ կապված նրա կենսագրության որոշ դրվագների հետ:
Գորգիսյանն, ընթերցելով Վահե Գրիգորյանի կենսագրության այն դրվագը, որ 1999թ.-ին զորակոչվել է բանակ և նույն ժամանակահատվածում աշխատանքի է անցել Արցախի զինվորական դատախազությունում՝ որպես դատախազի օգնական, հարց ուղղեց՝ արդյոք այդ թվերին հնարավո՞ր էր առանց լուրջ կապերի ու ծանոթությունների առաջնագծում ծառայելու փոխարեն, նման բարձր պաշտոն ստանալ դատախազությունում:
Վահե Գրիգորյանը պատասխանեց, որ համալսարանն ավարտելուց հետո զորակոչվել է Արցախ՝ զինծառայության, ապա կարճ ժամանակ անց ծառայությունը շարունակել է Արցախի դատախազությունում՝ ենթարկվելով վերադասի հրամանին:
Գևորգ Գորիգսյանը նաև հարց ուղղեց՝ ինչպե՞ս է ստացվել, որ Վահե Գրիգորյանը 1999 թ. հայտնվել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջմղման ներկայացված դատախազների ցուցակում: Այս հարցին, սակայն, Գրիգորյանը չպատասխանեց՝ ասելով, թե տեղյակ չէ՝ ի՞նչ ցուցակի մասին է հարցը:
Մինչդեռ Aysor.am-ին Arlis կայքում անցկացրած կարճ ուսումանսիրության արդյունքում հաջողվեց գտնել Ռոբերտ Քոչարյանի՝ 1999 թ. ստորագրած հրամանագիրը, համաձայն որի՝ Գրիգորյանը ընդգրկված է դատախազների պաշտոնեական պիտանիության հաստատված ցուցակում: