19/06/2019 13:50
Կողմերից յուրաքանչյուրը հասկանում է՝ ինչ է նշանակում պատերազմը միմյանց դեմ. իրանագետ
Միացյալ Նահանգներն առաջիկայում դժվար թե հարվածներ հասցնի իրանական միջուկային օբյեկտներին՝ չնայած որ կարող են լոկալ բախումներ գրանցվել Պարսից ծոցում, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրանագետ Ահարոն Վարդանյանն՝ անդրադառնալով «Jerusalem Post» պարբերականի հրապարակմանն, ըստ որի՝ ԱՄՆ-ն նախատեսում է հարված հասցնել իրանական միջուկային օբյեկտներից մեկին։
Նրա խոսքով, պարբերականի այս հրապարակումն ավելի շատ քարոզչական նշանակություն ունի՝ մանավանդ հաշվի առնելով, որ «Jerusalem Post»-ն իրանական թեմաներով օբյեկտիվ վերլուծություններ երբեք չի կատարել։ Իրանագետը նաև համոզմունք հայտնեց՝ բանակցություններից առաջ նման կոշտ հռետորաբանությունը զուտ զիջումներ կորզելու համար է։
«Ելնելով թե՛ իրանական, թե՛ ամերիկյան կողմերի հայտարարություններից՝ ակնհայտ է, որ երկու երկրներն էլ պատերազմ չեն ցանկանում։ Այդ պետություններից յուրաքանչյուրը հասկանում է՝ ինչ է նշանակում պատերազմը միմյանց դեմ։ Եթե, այնուամենայնիվ, պատերազմ սկսկվի, դա կհանգեցնի ոչ միայն տարածաշրջանի, այլև համաշխարհային անկայունության։ Պետարազմից կախված կլինեն նավթի գները, ինչն իր հերթին համաշխարհային տնտեսության մեջ շատ լուրջ նշանակություն ունի», - նշեց մեր զրուցակիցը։
Իրանագետը չբացառեց, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հնարավոր պատերազմում կարող են ներգրավվել միջազգային մակարդակի այլ խաղացողներ ևս, ինչպես օրինակ՝ Ռուսաստանը, Չինաստանը, որոնք մեծ հետաքրքրություններ ունեն Իրանում և Մերձավոր Արևելքում։
«Իրանը Մերձավոր Արևելքում զսպիչ դերակատարություն ունի և հավասարակշռող գործառույթներ է իրականացնում։ Եթե ԱՄՆ-ն հարվածի իրանական միջուկային օբյեկտին, դրան կարող է հետևել Իրանի հարվածը Մերձավոր Արևելքում գտնվող ԱՄՆ գործընկեր պետություններին, ինչպես օրինակ՝ Իսրայելին և Սաուդյան Արաբիային», - ամփոփեց Ահարոն Վարդանյանը։