19/06/2019 14:07
Վարդան Օսկանյանը միջնորդ է եղել Սիլվա Համբարձումյանի ու Քոչարյանի միջև՝ 3 մլն դոլար փոխանցելու համար. Դատախազը ներկայացրեց բողոքի հիմքերը
Այս պահին Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստում մեղադրող դատախազները ներկայացնում են վերաքննիչ բողոքները։
Հիշեցնենք՝ դատախազությունը և տուժողի իրավահաջորդները Վերաքննիչ դատարանում բողոքարկում են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի որոշումը՝ Մարտի 1-ի գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու, ինչպես նաև Քոչարյանին Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ կալանքից ազատ արձակելու որոշումները։
Դատավորը, մասնավորապես, կասկածի տակ էր դրել Քոչարյանին ու մյուսներին ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելը) սահմանադրականության հարցը։
«Դատարանն արդեն երկրորդ անգամ առանց որևէ փաստարկի ու պատճառաբանության բարձրացրել է 300.1 հոդվածի սահմանադրականության կասկած՝ ավելացնելով, որ որոշակի կասկածներ առկա են նաև Քոչարյանին առհասարակ քրեական հետապնդման ենթարկելու՝ աձեռնմխելիության իրավունքի առկայությունը կամ բացակայությունը հետագայում ստուգելու առումով։
Նման կարծիք արտահայտելով դատարանը հաշվի չի առել հանգամանքը, որ հիմնավոր կասկածի տիրույթում արդեն իսկ կիրառվել է Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի առաջին մասը։ Այլ կերպ ասած՝ նշված հոդվածով դատական քննության նախապատրաստական փուլում կիրառելուց, այդ հոդվածով հիմնավոր կասկածը գնահատելուց հետո դատարանի կողմից չէր կարող բարձրացվել այդ հոդվածի սահմանադրականության հարցը», - դատարանում բողոքը ներկայացնելիս հայտարարեց դատախազ Պետրոս Պետրոսյանը։
Դատախազը հայտարարեց, որ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր կարգավիճակից բխող կամ չբխող գործողություններ կատարելու, անձեռնմխելիությունից օգտվել-չօգտվելու, ինչպես նաև առաջադրված մեղադրանքի վերաբերյալ վերջնական գնահատականը կարող է տալ դատարանը՝ դատական քննության ընթացքում ապացույցների գնահատման արդյունքում։
Ինչ վերաբերում է Քոչարյանին առաջադրված խոշոր չափով կաշառք վերցնելու մեղադրանքին, Պետրոսյանն ասաց, որ այս մասով հիմնավոր կասկածը «բավարար գնահատելի է»։
«Դատարանն իր տրամադրության տակ է ունեցել բավարար փաստեր, հետևություններ, ապացույցներ, մասնավորապես, որպես վկաներ հարցաքննված Սիլվա Համբարձումյանի, Լևոն Ալթունյանի և Անահիտ Իսրայելյանի ցուցմունքները, Սիլվա Համբարձումյանի, Վարդան Օսկանյանի և Սամվել Մայրապետյանի առերես հարցաքննության արձանագրությունները, առգրավված և զննված «Լեկալ Դեվելոփերս» և «Պրինսթոն գրուփ» ընկերությունների բանկային գաղտնիք համարվող տեղեկությունները, ՀՀ ոստիկանության ԿՀԴՊԳՎ-ից ստացված գրությունը, ՀՔԾ-ում քննվող մեկ այլ գործի զննության արձանագրությունը», - ներկայացրեց դատախազ Պետրոսյանն՝ ընդգծելով, որ հարցաքննությունների բովանդակությունը հրապարակային դատաքննության ժամանակ չի կարող բարձրաձայնել։
Մասնավորապես, Պետրոսյանի վկայակոչած զննության արձանագրությունները, որոնք կցված են ՀՔԾ վարույթում քննվող մեկ այլ գործին, ըստ դատախազի, վերաբերում են Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի անվամբ գրանցված ընկերությունների գործունեությանը։
Մոտավոր ներկայացնելով վկայակոչված փաստական տվյալների բովանդակությունը, դատախազ Պետրոսյանը նկատեց, որ դրանք վերաբերում են Սիլվա Համբարձումյանի կողմից հանքավայրեր ձեռք բերելու հարցում հովանավորչություն ստանալու նպատակով Վարդան Օսկանյանի միջոցով Ռոբերտ Քոչարյանին դիմելու ու նրա համաձայնությունը ստանալու, մինչև 2008 թվականի մայիս ամիսը Մայրապետյանի միջոցով 3 մլն ԱՄՆ դոլար Ռոբերտ Քոչարյանին փոխանցելուն։
«Այդ տեղեկությունները ներառված են Սիլվա Համբարձումյանի՝ որպես ապացույց հանդիսացող ցուցմունքներում, որոնք, ըստ էության, հաստատված են նաև Վարդան Օսկանյանի հաղորդած տվյալները չժխտող ցուցմունքներով, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով առգրավված ու զննված զննության արձանագրություններով ու այլ ֆինանսական փաստաթղթերով», - հայտարարեց դատախազը։