19/06/2019 10:43
Քոչարյանի պաշտպանն ինքնաբացարկի հերթական միջնորդությունը ներկայացրեց դատավորին. գլխավոր դատախազն առարկեց
Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով վերաքննիչ բողոքների քննության ժամանակ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց դատավորին ինքնաբացարկի հերթական միջնորդությունը։ Հիմքը՝ դատավոր Արմեն Դանիելյանի վարքագիծն էր հունիսի 18-ին տեղի ունեցած դատական նիստում։
Հիշեցնենք՝ դատավորը ագրեսիվ էր պահել իրեն, թույլ չէր տվել փաստաբան Հայկ Ալումյանին առարկություններ ներկայացնել, իսկ նրա արած որոշ արտահայտություններ էլ Ալումյանը համարել էր վիրավորական։
«Երեկվա դատական նիստում նախագահող դատավորի որոշ գործողություններ դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք են տալիս», - հայտարարեց փաստաբան Խուդոյանը՝ միջնորդելով դատավորին ինքնաբացարկ հայտնել։
Նա նշեց, որ դատավորն անընդհատ և անհարկի պարբերաբար ընդհատել է ու թույլ չի տվել մեղադրյալներին պաշտպանվել, ներկայացնել առարկություններ, հանդես գալ պաշտպանությամբ։
«Դանիելյանը դրսևորել է կամայական մոտեցում դատավարության կանոնների նկատմամբ», - հիմնավորեց Խուդոյանը։
Նշենք, որ դատական նիստին այսօր ներկա էր դատախազական խումբը՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն առարկեց ներկայացված միջնորդությանը։
«Ներկայացված միջնորդությունը երեկ տեղի ունեցած դատական նիստի կարճ սղագրությունն էր։ Ամբողջ 2 ժամանոց դատական նիստը ծառայեց իրավունքների պարզաբանումների ներկայացմանը և ակնհայտ դարձավ, որ անառարկելիորեն դատարանը հետևություններ արեց ընթացակարգի հետ կապված։ Ակնհայտ անհիմն է ներկայացված միջնորդությունը։ Մենք սա դիտարկում ենք որպես պաշտպանության կողմից գործը ձգձգելու արհեստական միտում», - հայտարարեց Դավթյանը։
Ներկայացված միջնորդությանն առարկություն հայտնեցին նաև դատարանում ներկա Մարտի 1-ի գործով տուժողներն ու նրանց իրավահաջորդները։
Դատավոր Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ և միջնորդության հետ կապված որոշումը կհրապարակվի ժամը 12։00-ին։