19/06/2019 11:02
Գլխավոր դատախազը՝ Նարեկ Սարգսյանի արտահանձնման մասին
Գլխավոր դատախազն ասեկոսե է համարել այն տեղեկությունը, որ Չեխիայի արդարադատության նախարարն Ալեքսանդր Սարգսյանի որդուն՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։
«Ես այդ լուրերը գնահատում եմ ասեկոսեներ, որովհետև պաշտոնապես մենք մեր գործընկերներից դեռևս որևէ արդյունքի վերաբերյալ ո՛չ բավարարման, ո՛չ մերժման որոշում չունենք», - այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արթուր Դավթյանը։
Նշենք, որ երեկ իր գործով դատական նիստին լրագրողների հարցերին ի պատասխան Ալեքսանդր Սարգսյանի մյուս որդին՝ Հայկ Սարգսյանն ասել էր, որ իր տեղեկություններով, Չեխիայի արդարադատության նախարարն իր եղբորը՝ Նարեկ Սարգսյանին արտահանձնելու վերաբերյալ համաձայնություն չի տվել։
Ավելի վաղ Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Պրահայի մունիցիպալ դատարանը մայիսի 29-ին բավարարել է Սերժ Սարգսյանի եղբորորդուն՝ Նարեկ Սարգսյանին ՀՀ իրավասու մարմիններին հանձնելու միջնորդությունը։
Չեխական օրենսդրության համաձայն՝ արտահանձնման վերջնական որոշումը պետք է կայացնի երկրի արդարադատության նախարարը: