19/06/2019 11:52
Ապրիլի 16-ը այսուհետև Հայաստանում կհամարվի հայ կինոյի օր
Այսօր Ազգային ժողովը ձայների մեծամասնությամբ ընդունեց «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում կատարված փոփոխությունները, որով ապրիլի 16-ը Հայաստանում կհամարվի հայ կինոյի օր։ Նախագիծը խորհրդարանին ներկայացրել էին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը և Վահե Էնֆիաջյանը։
«Ես միշտ դեմ եմ եղել արհեստական տոներին, սակայն վստահաբար, սա այդ դեպքը չէ և հարցը տեւական ժամանակ քննարկելով կինոյի ոլորտի գործիչների հետ, նախագիծը ներկայացվեց ու այսօր ընդունվեց։
Շնորհակալ եմ խորհդարանի բոլոր խմբակցություներին՝ աջակցության համար եւ կինոգործիչներին, որ աշխատեցինք միասին։
Առաջիկայում խորհրդարանը կվավերացնի «Եվրոպական միասնական արտադրանքի» կոնվենցիան, ինչը հնարավորություն կտա մեր կինոգործիչներին եվրոպական համատեղ արտադրության համար օգտվել բազմաթիվ արտոնություններից։
Առաջիկայում արդեն պատրաստ կլինի «Կինոյի մասին» օրենքը, և Հայաստանը կկարողանա վավերացնել «Ստեղծագործ Եվրոպայի» Մեդիա բաղադրիչն ու տաղանդավոր մեր կինոգործիչների ներկայացրած պրոյեկտները հնարավորություն կունենան ստանալու արժանապատիվ ֆինանսավորում», - իր ֆեյսբուքյան էջում այդ կապակցությամբ գրել է պատգամավորը։