20/06/2019 19:32
Նոր Զելանդիան բնակչությունից զենք գնելու համար136 մլն դոլար կծախսի
Նոր Զելանդիայի իշխանությունները մոտ 136 միլիոն դոլար կծախսեն բնակչությունից արգելված կիսաավտոմատ զենքը գնելու համար, հայտնել է «New Zealand Herald» հրատարակությունը՝ հղում անելով երկրի ոստիկանության և ֆինանսների նախարարների համատեղ հայտարարությանը:
Քրայսթչերչում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո, որը 50 մարդու կյանք խլեց, Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդեռնը հայտարարել է երկրի տարածքում մարտական կիսաավտոմատ զենքի և գրոհային հրացանների արգելք սահմանելու մասին:
Ապրիլին Նոր Զելանդիայի խորհրդարանն ընդունել է օրինագիծ, որը մարտական տիպի կիսաավտոմատ զենքի, գրոհային հրացանների և դրանց դետալների արգելք է սահմանում:
Նշվում է, որ Նոր Զելանդիայի բյուջեում նախատեսված է 190 միլիոն նորզելանդական դոլար (124,7 միլիոն ամերիկյան դոլար) այդ զենքի գնման և ևս 18 միլիոն նորզելանդական դոլար (11,8 միլիոն ամերիկյան դոլար) դրանք հավաքելու սխեմայի մշակման համար: