21/06/2019 13:31
«Ս-300»-ները բերվել են մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի. Հայաստանի ու Արցախի տարածքը պաշտպանված է ցանկացած ոտնձգությունից (տեսանյութ)
ՀՀ զինված ուժերում և Արցախի Հանրապետության պաշտպանության բանակում շարունակվում են հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների ներգրավմամբ մարտական հրաձգությամբ զորավարժությունները:
Զորավարժության շրջանակում համապատասխան ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության ամենաբարձր աստիճանի։
ՀՕՊ ստորաբաժանումներն իրականացնում են մարտական արձակումներ օդային թիրախների վրա: Մարտական հաշվարկները հաջողությամբ կատարել են առաջադրված խնդիրները և արժանացել զորավարժությունների ղեկավարության բարձր գնահատականին:
Մարտական հրաձգությանն ընդգրկված են ժամանակակից ՀՕՊ զինատեսակներ` Ս-300, արդիականացված Ս-125, Օսա-ԱԿ և Ստրելա-10 զենիթահրթիռային համալիրներ, Իգլա-Ս և Վերբա դյուրակիր ԶՀՀ-ներ։
Զորավարժությունների նպատակն է համատեղ կիրառման հարցերի ներդաշնակումը, միասնական կառավարման համակարգերի, ռադիոլոկացիոն հետախուզության և զենիթային կրակի վարման արդյունավետության, ինչպես նաև մարտական հաշվարկների պատրաստության մակարդակի բարձրացումը:
Զորամասի հրամանատար, փոխգնդապետ Սևակ Տոռոզյանը վստահեցնում է՝ Հայաստանն ու Արցախը պատրաստ են ցանկացած ոտնձգության։
«Պատրաստ ենք ցանկացած ոտնձգության, Հայաստանի ու Արցախի տարածքը պաշտպանված է ցանկացած ոտնձգությունից», - ասում է նա։
Նրա խոսքով՝ զորավարժությունների շրջանակներում փորձարկվում են ինչպես նոր, այնպես էլ՝ արդիականացված զենիթահրթիռայհին համալիրները։
Հրամանատարն ընդգծում է՝ որպեսզի համակարգը բերվի մարտական պատրաստության, անհրաժեշտ է մինչև վեց րոպե։
«Վեց րոպեում, արդեն, համալիրներրը գտնվում են № 1 պատրաստականության մեջ ու պատրաստ են կատարել իրենց առջև դրված խնդիրները», - ասում է նա։
Փոխգնդապետի խոսքով՝ «Ս-300» համալիրները մոբիլ են ու կարող են տեղաշարժվել ցանկացած վայր։