21/06/2019 15:12
Մշտական հոսող ջուր, բաղնիք, արևային կայան. Մարտական դիրքերում իրականացվել են ահռելի աշխատանքներ (Տեսանյութ)
Արցախի Հանրապետության մարտական դիրքերում իրականացվել են ինժեներական ու ամրաշինական ահռելի աշխատանքներ։
«Կառուցվել են խրամաբջիջներ, խրամատներ, դիտարկվող բոլոր ճանապարհները փակվել են փոս ճանապարհներով», - ասում է Արցախի N զորամասի հրամանատարի տեղակալ Պարգև Մարտիրոսյանը։
Զինծառայողները, մեկը մեկին հերթ չտալով, լվացվում են՝ փրկվելով շոգից։ Հետաքրքրվում ենք՝ ջուրը մշտակա՞ն է, հրամանատարի տեղակալը վստահ պատասխանում է՝ մշտական է, և ոչ միայն իրենց մարտական դիրքում։
«Բոլոր մարտական դիրքերն այս պահի դրությամբ ապահովված են մշտական հոսող խմելի ջրով», - ասում է նա։
Սա, սակայն, միակ լավ լուրը չէ. այսուհետ զինծառայողները հնարավորություն կունենան լողանալ ոչ դաշտային պայմաններում։
«Բոլոր դիրքերում ունենք բաղնիքներ, ինչը նախկինում չի եղել ու լողանալն իրականացվում էր դաշտային բաղնիքներիր միջոցով», - ասում է փոխգնդապետ Մարտիրոսյանը։
Հրամանատարի տեղակալը վսստահեցնում է՝ էականորեն փոխվել է նաև զինծառայողներին մատակարարվող սննդի որակը։
«Ամեն անգամ, որ անձնակազմը նույն սնունդն էր օգտագործում, մի քիչ դժգոհում էր, դժոգոհությունները ներկայացվել է, անձնակազմն այս պահին գոհ է սննդից», - ասում է նա։
Պարգև Մարտիրոսյանը նշում է՝ առաջարկներ կան, որ ամառային սեզոնին զինծառայողի սննդի մեջ ներառվի նաև բանջարեղեն։
Սննդի մասին հարցերը, սակայն, միայն հրամանատարի տեղակալին տալով չենք սահմանափակվում. առիթը բաց չթողնելով՝ մարտական դիրքում հերթապահություն իրականացնող բոլոր զիինծառայողներից հետաքրքրվում ենք՝ իսկապես գո՞հ են, պատասխանը միանշանակ դրական է. շատերն էլ անկեղծանում են՝ անգամ տանն այսքան տեսականի չեն կերել։
Մեր այցի պահին ծառայակից ընկերների սննդի հարցը պետք է լուծեր գավառցի Մեխակը։ Ընկերների համար պատրաստելու էր ոսպով ու բրնձով փլավ։ Օրվա ճաշի պատասխանատուն վստահեցնում է՝ հիմնականում գոհ են լինում իր սարքածից։ Իսկ երբ տուն վերադառնա, մայրիկի պատրաստածներից ամենաառաջինը ժարիտն է ուտելու. շատ է կարոտել։
Զինածառայողները չեն բողոքում նաև փորձարկման փուլում գտնվող կոշիկներից։
«Դեռևս բողոքներ չկան», - նշում է փոխգնդապետը։
Հրամանատարի տեղակալը վստահ է՝ զինծառայողներից յուրաքանչյուրը գիտի իր գործը։
Սահմանային իրավիճակի մասին փորձում ենք օրվա դիրքապահից մի քանի բան ճշտել՝ ոչ մի արձագանք։ Սամվելը գոնե մեկ րոպեով հետ չի նայում։ Զգոն ու հպարտ կեցվածքով հետևում է, որ հակառակորդը որևէ ակտիվություն չցուցաբերի։