21/06/2019 09:54
Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն ԱԳ նախարարների հետ կիսվել են խաղաղ գործընթացի առաջմղմանն ուղղված գաղափարներով. ՀՀ ԱԳՆ
Հունիսի 20-ին Վաշինգտոնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը, տեղեկացնում են ԱԳՆ լրատվական ծառայությունից։
Ըստ աղբյուրի, հայկական կողմը շնորհակալություն է հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան համանախագահությանը՝ ԱԳ նախարարների միջև խորհրդակցությունները հյուրընկալելու համար՝ ի շարունակություն ավելի վաղ Փարիզում և Մոսկվայում կայացած հանդիպումների:
Հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել խաղաղ գործընթացին առնչվող հիմնական հարցերի և ներկա իրավիճակի շուրջ:
Քննարկվել են շփման գծում հանդիպմանը նախորդող շրջանում արձանագրված լարվածությանը և դրա հաղթահարմանը և ըստ այդմ խաղաղության նպաստող միջավայրի վերահաստատմանն առնչվող հարցեր: Հայկական կողմը ընդգծել է հրադադարի ամրապնդման և լարվածության ռիսկերի նվազեցման միջոցների իրականացումը՝ միջադեպերի կանխարգելման և արագ արձագանքման համար:
Վերահաստատվել են նաև խաղաղ գործընթացում հայկական կողմի սկզբունքային դիրքորոշումները և մոտեցումներրը:
Վաշինգտոնյան հանդիպման ժամանակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ԱԳ նախարարների հետ կիսվել են խաղաղ գործընթացի առաջմղմանն ուղղված գաղափարներով, այդ թվում հումանիտար ոլորտում: Հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ:
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները համաձայնել են առաջիկա ամիսներին շարունակել խորհրդակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: