21/06/2019 10:55
Նախատեսված է նաև բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը. Արցախի նախագահը շնորհավորել է բուժաշխատողներին
Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 21-ին շնորհավորական ուղերձ է հղել Բուժաշխատողի օրվա առթիվ:
Արցախի նախագահի լրատվական ծառայության փոխանցմամբ, ուղերձում ասված է.
«Սիրելի՛ բուժաշխատողներ,
Արցախի Հանրապետության իշխանությունների եւև անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Շնորհավորում եմ և խորին երախտագիտություն հայտնում ձեզ ձեր չափազանց կարևոր ծառայության համար, այն ուշադրության, հոգատարության ու կարեկցանքի, որ ցուցաբերում եք մեր քաղաքացիների հանդեպ:
Առողջապահությունն այն ոլորտներից է, որտեղ բարձր արհեստավարժության և մասնագիտական գիտելիքների հետ մեկտեղ շատ կարեւոր են նաև մարդկային որակներն ու արժանիքները, աշխատողների նվիրվածությունն ու հավատարմությունը տված խոստմանն ու ընտրած մասնագիտությանը:
Պետության կողմից նպատակասլաց աշխատանքներ են կատարվում բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման, դրանք նորագույն սարքավորումներով հագեցման, բուժանձնակազմի մասնագիտական պատրաստվածության, առողջապահական ծառայությունների մատչելիության մակարդակի եւ որակի բարձրացման ուղղությամբ: Նախատեսված է նաև բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձը: Այդ բոլոր աշխատանքները կկրեն շարունակական բնույթ:
Թանկագի՛ն բարեկամներ,
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեզ Բուժաշխատողի օրվա առթիվ և մաղթում բոլորիդ խաղաղություն, քաջառողջություն, մեծագույն հաջողություններ ձեր բարդ ու դժվարին առաքելության իրականացման ճանապարհին»: