21/06/2019 14:01
Սխալների շարունակվելու դեպքում վրացական ընդդիմությունը 100 տոկոսով կօգտվի դրանից. վրացագետ
Երեկ Վրաստանի մայրաքաղաքում ծավալված իրադարձությունների շուրջ Aysor.am-ի թղթակիցը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ։
- Պարոն Մելիքյան, ինչպե՞ս կբնութագրեք Թբիլիսիում երեկ տեղի ունեցած հայտնի իրադարձությունները, ի՞նչ հնարավոր զարգացումներ եք կանխատեսում։
- Հարևան Վրաստանում երեկվանից տեղի ունեցողը ներքաղաքական պայքար է։ Ընդդիմությունն ակտիվորեն օգտվում է իշխանության սխալ քայլերից և բողոքի հակաիշխանական ալիք բարձրացնում։ Բողոքի ակցիաներն այսօր ևս պետք է շարունակվեն, և ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կգործեն իշխանությունները, ինչ քայլեր կձեռնարկեն։ Իսկ իշխանությունը պետք է որ հետևություններ անի երեկվա բողոքի ցույցերից և իրավիճակը հանդարտեցնելու նպատակով ամենասեղմ ժամկետներում որոշ փոփոխությունների գնա։
Եթե նախկինում ընդդիմությունն ու վրացի ժողովուրդը դժգոհ էին ներքաղաքական խնդիրներից, ապա այս անգամ իշխանությունների հասցեին կոնկրետ մեղադրանք հնչեցվեց, որ Ռուսաստանն ինչ ուզում, այն էլ Վրաստանում անում է։ Այսինքն՝ այս անգամ օգտագործվեց հակառուսականության գործոնը։ Բոլորն ի վերջո գիտեին, որ ռուսական պատվիրակությունը, Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ, ներկա է լինելու Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին, և որ վերջինս նստելու է նախագահությունում։ Իշխանությունը, երևի, պետք է հասկանար, որ խորհրդարանում այդպիսի միջոցառում անցկացնելն այդքան էլ կոռեկտ չէր։
- Ձեր կարծիքով, ինչպե՞ս Արևմուտքը կարձագանքի վրացի իրավապահների՝ ցուցարարների նկատմամբ անհամաչափ ուժ կիրառելու հանգամանքին։
- Հայտարարությունները, որ մինչ այս պահը տեսել եմ, ավելի շատ զսպվածության կոչեր են եղել, որպեսզի կողմերը ռադիկալ քայլերի չդիմեն։ Բայց չէի ասի, որ լուրջ քննադատություն է եղել։ Ի վերջո, մարդիկ փորձել են գրավել խորհրդարանը, իսկ խորհրդարանը պետական կառույց է և այն գրավելու փորձը պետական հեղաշրջման հոդվածի ներքո է։ Այս ամենին պետք է համարժեք պատասխան տրվեր, և իմ կարծիքով տրվել է։ Պետք էր հանդարտեցնել իրավիճակը։
- Պարոն Մելիքյան, այս պահին Վրաստանում պետական հեղաշրջման նախապայմաններ կա՞ն, ընդդիմությունն ունա՞կ է ուժերի կոնսոլիդացման։
- Ոչ, ընդդիմությունն այդքան հնարավորություն չունի։ Իհարկե, իշխանություններից համընդհանուր դժգոհություն կա, սակայն այն չի միավորում բոլոր ընդդիմադիրներին։ Ամեն ինչ կախված է իշխանության քայլերից, նրանից, թե ինչ սխալներ նա թույլ կտա։ Եթե սխալները շարունակվեն, վրացական ընդդիմությունը դրանից 100 տոկոսով կօգտվի և կկարողանա առավել լայնածավալ գործողությունների գնալ։