21/06/2019 17:13
ՍԴ-ն քննության է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը և դատաքննության օր նշանակել օգոստոսի 29-ը
Այսօր տեղի է ունեցել Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստ, որում քննվել և նշված գործերով կայացվել են հետևյալ աշխատակարգային որոշումները.
1. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 2-րդ մասի և 35-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործն ընդունել քննության և գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:
2. «Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերն ընդունել քննության, միավորել և միավորված գործի դատաքննությունը նշանակել 2019թ. օգոստոսի 29-ին, ժամը 10.00-ին:
3. «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել:
4. «Յուրի Խաչատուրովի դիմումի հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի և 300-րդ հոդվածի (նախկին խմբագրությամբ)՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել: