21/06/2019 11:39
Այս պահին ոչինչ չունեմ ասելու. Հրայր Թովմասյան
Այսօր Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը, որին լրագրողները հանդիպել են դատարանի շենքի դիմաց, հրաժարվել է մեկնաբանել Սահմաանդրական դատարանի պաշտոնում Ազգային ժողովի կողմից ընտրված Վահե Գրիգորյանի երեկվա հայտարարությունները։
«Ինչպես տեսնում եք, ես հիմա գնում եմ աշխատանքի։ Ինչ-որ հայտարարություն, եթե անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ։ Այս պահին ոչինչ չունեմ ասելու», - լրագրողների հետ կարճ զրույցում ասել է Թովմասյանը ու մտել Սահմանադրական դատարանի շենք։
Հիշեցնենք՝ Վահե Գրիգորյանը երդման արարողության ժամանակ հայտարարել էր, որ այս պահին Սահմանադրական դատարանում իր երդման պահից հետո լինելու է երկու ընտրված դատավոր։
«Երդումը տալուց, Սահմանադրական դատարան մուտք գործելիս, որպես Սահմանադրական դատարանում միակ դատավոր, որովհետև մյուս դատավորը այս օրերին բացակայում է, ես, ստանձնելով Սահամանադրական դատարանի նախագահի լիազորությունների և պարտականությունների կատարումը, Սահմանադրական դատարանի անդամների հետ խնդիրը քննարկելուց հետո, նրանց համաձայնությամբ կամ նրանց համախոհությամբ, կամ համաձայնության բացակայության դեպքում ընդունելի ձևաչափով այդ մասին կտեղեկացնեմ նաև հանրությանը և իշխանության համապատասխան սահմանադրական մարմիններին, որոնք իրավասու են գործընթացում դերակատարություն ունենալ», - մասնավորապես ասել էր նա։