24/06/2019 15:05
Իվանիշվիլիի հայտարարությունից հետո Վրաստանում առկա լարված իրավիճակը կթուլանա. Էրոյանց
2020 թվականին համամասնական ընտրակարգով խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հեռանկարը կթուլացնի Վրաստանում առկա լարված իրավիճակը, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում կարծիք հայտնեց վրացագետ Ալիկ Էրոյանցը՝ անդրադառնալով «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի համապատասխան հայտարարությանը։
«Իշխանությունն, այսպիսով, արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ընդառաջ է գնում ընդդիմության և ցուցարարների պահանջին։ Չեմ կարծում, որ ընդդիմությունը դեմ կգնա այս առաջարկին, քանի որ իրենց ուզածն էլ հենց սա էր։ Վրացական ընդդիմությունն այս ժամանակահատվածում հնարավորություն կունենա լավ նախապատրաստվել գալիք ընտրություններին։ Եղած լարվածությունը կհանդարտվի», - նշեց մեր զրուցակիցը։
Ալիկ Էրոյանցը միաժամանակ կարծիք հայտնեց, որ կառուցողական նախընտրական պայքար կծավալվի։
«Իրականում, այո, սա ընդդիմության և իշխանության միջև ներքաղաքական կռիվ էր։ Կարելի է ասել՝ ընդդիմությունը հասավ իր ուզածին և հետևողական կլինի։ Իհարկե, ամեն ինչ ավելի պարզ կդառնա ընտրություններից հետո։ Առայժմ իրադրությունից շահած է դուրս գալիս ընդդիմությունը՝ մանավանդ հաշվի առնելով պաշտոնանկությունները»,- ասաց վրացագետը՝ հիշեցնելով, որ Վրաստանի խորհրդարանի խոսնակի հրաժարականից հետո հասարակությունը պահանջում է ՆԳ նախարարի հրաժարականը ևս։
Հիշեցնենք, որ Վրաստանի իշխանությունները որոշել են բավարարել Թբիլիսիի հանրահավաքի մասնակիցների որոշ պահանջները և համամասնական ընտրակարգով 2020 թվականին անցկացնել խորհրդարանի ընտրություններ:
««Վրացական երազանքը» որոշում է կայացրել 2020 թվականին խորհրդարանի ընտրություններ անցկացնել համամասնական համակարգով` զրոյական խոչընդոտով», - հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին: