24/06/2019 19:39
Ընդդիմադիր Իմամօղլուն կարող է չսահմանափակվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնով. թուրքագետ
Ստամբուլի քաղաքապետի ընտրությունները շատ կարևոր քաղաքական ինդիկատոր են և կանխագուշակում են հետագա քաղաքական գործընթացներն, ուստի դրանք լոկ քաղաքապետի ընտրություններ չեն, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը՝ անդրադառնալով Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուի՝ երկրոդ անգամ անընդմեջ Ստամբուլի քաղաքապետ ընտրվելու հանգամանքին։
«Այս ընտրությունն իր մեջ բազմաթիվ ենթաշերտեր ունի։ Ստամբուլը 15 միլիոն բնակչություն ունի, այնտեղ են կետրոնացված բազմաթիվ ենթակառուցվածքներ և բիզնեսներ։ Այս քաղաքը Թուրքիայի մանրակերտն է, և կարծրատիպ կա, որ ով հաղթում է Ստամբուլում, կարող է հաղթել ամբողջ Թուրքիայում։ Նախագահ Էրդողանն ինքը քաղաքականություն մուտք է գործել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնով։ Նրա քաղաքական հաջողությունների մեծ մասը պայմանավորված է հենց գործունեության սկզբնական շրջանով», - նշեց թուրքագետը։
Ռուբեն Մելքոնյանի խոսքով, Ստամբուլում Էրդողանի թիմակցի պարտությունը ցույց տվեց, որ իշխանությունը կադրային առումով լճացման մեջ է։
«Կադրային սնանկությունը, որ գոյություն ունի իշխանության ներսում, և այն, որ Էրդողանը տարիներ շարունակ չեզոքացրել է բոլոր հնարավոր մրցակիցներին՝ անապատացնելով սեփական կուսակցությունը. հենց սրա հաշվին ընդդիմությունն այս ընտրությունների ժամանակ կարողացավ ոչ միայն նոր մեթոդներ կիրառել, այլև «թարմ» թեկնածու առաջ քաշել։ Սա քաղաքական սերնդափոխության առումով ավելի առողջ պատկեր է ստեղծում։ Էքրեմ Իմամօղլուն շատ մեծ հավանականությամբ կարող է չսահմանափակվել Ստամբուլի քաղաքապետի պաշտոնով և հայտ ներկայացնել քաղաքական ավելի մեծ կարիերայի համար՝ ընդհուպ մինչև Թուրքիայի ղեկավարի», - նշեց Ռուբեն Մելքանյանը։
Թուրքագետն ուշադրություն հրավիրեց նաև այն հանագամանքի վրա, որ Էրդողանը կարող էր, սակայն այդպես էլ չգնաց ընտրությունների արդյուքների կեղծման, քանի որ, ամենայն հավանականությամբ, զգուշացավ հետընտրական հնարավոր զարգացումներից:
«Հասարակությունը հոգնել է արդեն 18 տարի չփոփոխվող իշխողդ ուժից, և թարմության ժամանակն է եկել։ Պետք է քաղաքական սերնդափոխություն իրականացվի», - ասաց թուրքագետը։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության թեկնածու Էքրեմ Իմամօղլուն հաղթել է Ստամբուլի քաղաքապետի կրկնակի ընտրություններում՝ ստանալով քվեների 54 տոկոսը:
Նրա գլխավոր մրցակիցն՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության թեկնածու, երկրի նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմը, ընդունել է իր պարտությունը: Երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է նոր քաղաքապետին:
Թուրքիայի ԿԸՀ-ն որոշ ժամանակ առաջ չեղարկել էր Ստամբուլում մարտի 31-ին անցկացված քաղաքապետի ընտրությունների արդյունքները՝ հայտարարելով, որ հունիսի 23-ին կանցկացվեն նոր ընտրություններ: