24/06/2019 19:10
Վարչապետի հայտարարությունները ոչ թե պատասխանում են հարցերի, այլ նոր հարցերի առիթ են տալիս. Վերլուծաբան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ հունիսի 24-ին տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստը, որի ժամանակ հնչել է վարչապետի «Հայաստանի շուրջ անվտանգային միջավայրը ոչ միայն չի լիցքաթափվել, այլև հակառակը, որոշակի գործընթացներ են տեղի ունենում մեր միջավայրում, որոնք մեզ ստիպում են ավելի աչալուրջ լինել մեր անվտանգային մարտահրավերների հարցում» թեզը:
Վերլուծաբան Ռոզի Միքայելյանը թեմայի շուրջ Aysor.am-ի հետ զրույցում նշեց.
«Այո՛, աչալուրջ պետք է լինել: Ոչ մեկի համար նորություն կամ գաղտնիք չէ, որ ՀՀ երկու սահմանները փակ են, ու բարդ չէ պատկերացնել նաև, որ Իրան-ԱՄՆ, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունների առավել սրման դեպքում մենք կունենանք 4 փակ սահման: Բայց աչալրջությունը բացի պրոտոկոլային հայտարարություններից, պետք է ունենա հստակ քայլերով ուղղորդում: Բայց ինչպես վերջերս շատ հաճախ է պատահում, վարչապետի հայտարարությունները ոչ թե պատասխանում են հարցերի, այլ նոր հարցերի առիթ են տալիս: Հետևաբար հարց է առաջանում. իսկ ի՞նչ է արվում այս ուղղությամբ»:
Վերլուծաբանն առաջարկում է լարվածության կողմերի հետ տարբեր խողովակներով անցկացնել խորհրադատվություններ: Նրա խոսքով. «պետք է սկսել դաշնակից երկրից՝ Ռուսաստանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ անվտանգային միջավայրի մարտահրավերների պարագայում պետք է հուսալ դաշնակցի կողմից աջակցություն:
Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա այստեղ էլ անելիքներ ունենք: Պետք է տեղում հասկանալ, թե Թուրքիան ու Ադրբեջանն այս ամենից ինչ օգուտներ են փորձում քաղել»:
Միքայելյանը նշեց նաև, որ անհրաժեշտ է զուգահեռաբար խորհրդակցություններ անցկացնել ԱՄՆ-ի և Իրանի հետ՝ հաշվի առնելով հարաբերությունների սրացման աստիճանն ու դրանից բխող մեզ համար մարտահրավերները:
«Անկախությունից ի վեր ԱՄՆ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, որն էլ թույլ է տալիս ակնկալել հնարավոր մարտահրավերներից ապահովագրում, եթե հիրավի ԱՄՆ-Իրան բախումը տեղի ունենա: Անհրաժեշտ է հնարավոր բոլոր խողովակներով Միացյալ Նահանգներին հասցնել այն միտքը, որ ՀՀ-ն ոչ մի պարագայում չի կարող ներգրավածություն ունենալ»:
Վերլուծաբանը նաև ասաց, թե գուցե վատատեսություն թվա, բայց Իրանին ԱՄՆ հնարավոր հարվածի դեպքում նաև մեր հայրենակիցների հարցերն են առաջանալու, հետևաբար դրա մասին պետք է մտածել օր առաջ:
Միքայելյանը հիշեցրեց, որ մենք ՀԱՊԿ անդամ ենք, որը ՀՀ անվտանգության երաշխավոր կառույց է, և նմանատիպ դեպքերում պետք է ակտիվ համագործակցել նաև այդ կառույցի հետ՝ անվտանգության լրացուցիչ երաշխիքներ ստանալու ուղղությամբ:
«Վերոնշյալ սրացումներից ելնելով, ՀՀ սահմանների պաշտպանության ուժեղացումը՝ հաշվի առնելով սահմաններից հնարավոր ներթափանցումները, ցանկալի է արվի կառույցի կողմից: Պայմանագրով նախատեսված է խորհրդատվությունների մեխանիզմ` մասնակից պետության կամ մի քանի մասնակից պետությունների անվտանգությունը, տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգող սպառնալիքի դեպքում, կամ միջազգային խաղաղությանը և անվտանգությանը սպառնալիքի պարագայում:
Իսկ այն ինչ կատարվում է ՀՀ երկու սահմանակից երկրներում շատ ուղղակի առնչվում է ՀՀ հետ»,-ասաց վերլուծաբանը։
Նա նաև հավելեց, որ բացի խորհրդատվություններից, զենք-զինամթերքի, պարենային և այլ ներքին պատրաստվածության ապահովումից, անհրաժեշտություն է տեսնում որպեսզի ՀՀ-ում ստեղծվի արագ արձագանքման համապատասխան մարմին, որը կսկսի զբաղվել առաջին անհրաժեշտության խնդիրներով ժամ առաջ: