24/06/2019 13:55
Ողբերգական ավիավթարը կիսատ դարձրեց նրանցից մեկի ճակատագիրը. Ռոզի Ավետիսովան և Գևորգ Հայրապետյանը` Սոչիի ավիավթարի մասին պատմող «Կիսակյանք» ֆիլմում (Տեսանյութ)
Մշակութային ալիքի ջանքերով նկարահանվել է «Կիսակյանք» 5 նովելից բաղկացած ֆիլմը: Նովելներից մեկը պատմում է 2006 թվականի աղետալի դեպքի՝ Արմավիա ընկերության Երևան-Սոչի չվերթն իրականացնող Ա 320 ինքնաթիռի մասին:
Մինչ կգար մայիսի 3-ը՝ երկու հարազատ հոգի՝ Արամը և Լյուսեն, գտան իրար, սակայն ողբերգական ավիավթարը կիսատ դարձրեց նրանցից մեկի ճակատագիրը:
Ֆիլմը միայն ողբերգություն չէ, այն հիշատակի և կյանքի հավերժության մասին է:
Ռեժիսոր և սցենարի հեղինակ Արթուր Հակոբյանի խոսքով՝ ֆիլմում նկարահանվել են ինչպես սիրված և ճանաչված, այնպես էլ հանրությանն անծանոթ, բայց տաղանդավոր մարդիկ:
«Մենք փորձել ենք ամեն բան անել որակյալ արտադրանք ստանալու համար՝ չնայած, որ սուղ հնարավորություններ ունեինք: Ընտրել եմ երկու տաղանդավոր մարդկանց՝ Ռոզի Ավետիսովային և Գևորգ Հայրապետյանին, ովքեր էլ իրենց կերպարները կերտել են այնպես, ինչպես ես էի պատկերացրել սցենարը թղթին հանձնելիս», - նշեց Ա. Հակոբյանը:
Նա նաև ընդգծեց՝ ֆիլմը մեծ էկրան չի բարձրանալու, քանի որ ի սկզբանե կոմերցիոն նպատակ չի հետապնդել: Սա հեռուստաֆիլմ է, որը շուտով կլինի հեռուստաէկրաններին: