25/06/2019 16:01
Ռոբերտ Քոչարյանը կկալանավորվի (Տեսանյութ)
Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարեց մեղադրող դատախազների, ինչպես նաև տուժողների, տուժողների իրավահաջորդների միջնորդությունները։ Դա նշանակում է, որ դատարանը որոշեց բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Մարտի 1-ի գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին։
Դանիելյանը նաև որոշեց վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին։ Դա նշանակում է, որ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի։
Դատարանի որոշումը դահլիճն ընդունեց ծափերով։
«Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կալանքի սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Սույն որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։ Որպես անձնական երաշխավորություն մուծված դրամական միջոցները վերադարձնել դրանք մուծած անձանց», -որոշումը հրապարակելիս հայտարարեց դատավոր Դանիելյանը։
Նշենք, որ անձնական երաշխավորությամբ 500 հազարական դրամ մուծել էին Արցախի գործող և նախկին նախագահները։
Այսօր՝ դատավորի որոշման հրապարակման պահին, Քոչարյանի պաշտպանական կողմը ներկա չէր։ Նրանք մինչ այդ հայտարարություն էին տարածել՝ տեղեկացնելով, որ ներկա չեն լինի դատարանում՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով դատավոր Արմեն Դանիելյանի գործողությունների դեմ։
Դատարանը, նկատենք, բողոքի քննության ժամանակ հնարավորություն չէր տվել պաշտպաններին ներկայացնել առարկություններ դատախազների ու տուժողի ներկայացուցիչների ներկայացրած բողոքների վերաբերյալ։
Հիշեցնենք՝ և՛ դատախազությունը, և՛ տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչ փաստաբանները Վերաքննիչ դատարան բողոքարկել էին Երևանի առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Մարտի 1-ի քրեական գործը կասեցնելու և Սահմանադրական դատարան ուղարկելու մասին և պահանջել կայացնել նոր դատական ակտ` հաստատելով գործի վարույթի կասեցման հիմքի բացակայությունը։
Նրանք բողոքարկել էին նաև Քոչարյանի խափանման միջոցը փոխելու և նրան Արցախի նախագահների անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու մասին նույն դատարանի որոշումը՝ պատճառաբանելով, որ ազատության մեջ գտնվելով Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, ազդել գործի մասնակիցների վրա։