25/06/2019 08:58
Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը, նրա մոտեցումն ապակառուցողական է. Աննա Նաղդալյան
Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պնդումները չեն համապատասխանում իրականությանը և ապակառուցողական բնույթ են կրում, Aysor.am-ին ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը։
«Ադրբեջանի ԱԳ նախարարի պնդումները չեն համապատասխանում իրականությանը: Նման մոտեցումն ապակառուցողական է, ինչը արժեքազրկում է խաղաղ գործընթացի լրջությունը», - նշեց Նաղդալյանը։
Հիշեցնենք՝ Մամեդյարովը երեկ հայտարարել էր, որ Վաշինգտոնում համանախագահները կողմերին քննարկման առաջարկներ են ներկայացրել։ «Միջնորդներն առաջարկել են զորքերի դուրսբերում և խաղաղապահների տեղակայում։ Բայց այդ հարցի վրա պետք է աշխատել», - ասել է նա։
Աննա Նաղդալյանն ընդգծել է, որ դեռևս Վաշինգտոնի հանդիպումից առաջ, դրա ընթացքում քննարկվել են վերջին շրջանում ադրբեջանական կողմի պատճառով սրված իրավիճակի հանդարտեցման հարցեր:
«Համանախագահները կոչ են արել անմիջապես քայլեր ձեռնարկել՝ վերականգնելու համար խաղաղությանը նպաստող միջավայրը և պահպանելու հրադադարը, և այս ուղղությամբ հանդես են եկել հումանիտար ոլորտին և ռիսկերի նվազեցմանը վերաբերող հստակ առաջարկներով: Այս շրջանակից դուրս ադրբեջանական կողմի ապատեղեկատվությունը հանգեցնում է եզրակացության, որ Ադրբեջանը մտադրված չէ իրականացնելու համանախագահների այդ կոչերը և առաջարկները: Ավելին, այն պնդումը, որ բանակցությունները կարող են հաջող ծավալվել զինադադարի կանոնավոր խախտումների պայմաններում, լրջագույն վնաս է հասցնում կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին և խաթարում խաղաղ գործընթացը», - հայտարարեց Նաղդալյանը։