25/06/2019 17:04
Քոչարյանն անհապաղ պետք է կալանավորվի. Դատախազ
Այսօր Վերաքննիչ դատարանում Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշման հրապարակումից հետո մեղադրանքը ներկայացնող դատախազ Պետրոս Պետրոսյանը հայտարարեց, որ դատարանի որոշումը պետք է անհապաղ կատարվի, ինչը նշանակում է, որ որոշման հրապարակման պահից հետո Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի։
«Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և այն պետք է կատարվի անհապաղ», - ասաց դատախազը։
Նկատենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել էր մեղադրող դատախազների, ինչպես նաև տուժողների, տուժողների իրավահաջորդների միջնորդությունները։
Դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Մարտի 1-ի գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին։
Դանիելյանը նաև որոշել էր վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին, ինչը նշանակում է, որ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի։
«Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կալանքի սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Սույն որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։ Որպես անձնական երաշխավորություն մուծված դրամական միջոցները վերադարձնել դրանք մուծած անձանց», - հայտարարել էր դատավոր Դանիելյանը։