25/06/2019 18:22
«Էնքան ասելիք ունեմ և ասելու եմ». Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց մեկուսարան (Տեսանյութ)
Քիչ առաջ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվեց ԱԱԾ շենքում գտնվող «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ, փոխանցում է Aysor.am-ի թղթակիցը։
Նկատենք, որ մեկուսարանի դիմաց՝ Նալբանդյան փողոցում, ակցիա են իրականացնում Քոչարյանի կողմնակիցները։ Նրանք վանկարկում են «Քոչարյան հերոս»։
Մինչև մեկուսարան մտնելը նա հեռվից բռունցքը պարզեց վերև՝ ի նշան երախտագիտության, գրկախառնվեց որդու՝ Լևոն Քոչարյանի հետ։
Լրագրողների հետաքրքրվեցին, թե ի՞նչ կարծիքի է այսօրվա որոշման վերաբերյալ, ինչին Քոչարյանը արձագանքեց. «Կարծում եմ՝ տեսաք, ոչ օրենք կա, ոչ օրինականություն»։ Մյուս հարցին՝ ի՞նչ կարող է ասել մինչև մեկուսարան մտնելը, Ռոբերտ Քոչարյանը պատասխանեց. «Օ՜ այնքան ասելիք ունեմ և ասելու եմ»։
Այնուհետև նա նստեց մեքենան և տեղափոխվեց մեկուսարան։
Լրագրողների հետ ճեպազրույցում Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ասաց, որ իր հայրը մեկուսարան ներկայացել է ինքնակամ՝ դատավորի հրապարակած որոշումը լսելուց հետո։
Նկատենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ, բավարարել էր մեղադրող դատախազների, ինչպես նաև տուժողների, տուժողների իրավահաջորդների միջնորդությունները։
Դատարանը որոշել էր բեկանել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Մարտի 1-ի գործով վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու մասին։
Դանիելյանը նաև որոշել էր վերացնել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը՝ Քոչարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու մասին, ինչը նշանակում է, որ Քոչարյանը դարձյալ կկալանավորվի։
«Մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել կալանավորումը։ Մեղադրյալ Ռոբերտ Սեդրակի Քոչարյանի կալանքի սկիզբը հաշվել նրան փաստացի արգելանքի վերցնելու պահից։ Սույն որոշման կատարումը հանձնարարել ՀՀ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը։ Որպես անձնական երաշխավորություն մուծված դրամական միջոցները վերադարձնել դրանք մուծած անձանց», - հայտարարել էր դատավոր Դանիելյանը։