25/06/2019 11:23
Իրանի ԱԳՆ. ԱՄՆ նոր հակաիրանական պատժամիջոցներն ընդմիշտ փակում են դիվանագիտության ուղին
Միացյալ Նահանգների կողմից երկուշաբթի Իրանի ղեկավարության նկատմամբ սահմանած պատժամիջոցներն անօգուտ են և ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը: Այս մասին այսօր իր Twitter-յան էջում նշել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին:
«Անօգուտ պատժամիջոցների սահմանումն ընդդեմ Իրանի գերագույն առաջնորդի (այաթոլլահ Ալի Խամենեիի), ինչպես նաև իրանական դիվանագիտության ղեկավարի (Ջավադ Զարիֆի) ընդմիշտ փակում են դիվանագիտության ճանապարհը»,- նշել է նա:
Մուսավին նաև նշել է, որ «ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հուսահատված կառավարությունը ոչնչացնում է բոլոր միջազգային մեխանիզմները, որ կոչված են պահպանելու մոլորակում խաղաղությունն ու կայունությունը»: