25/06/2019 15:12
Ուկրաինայի պատվիրակությունը լքեց ԵԽԽՎ նիստերի դահլիճը
Ուկրաինայի պատվիրակությունը լքել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նիստերի դահլիճը: Այդ մասին «Պրյամոյ» հեռուստաալիքի ուղիղ եթերում հայտնել է խորհրդարանական Ալեքսեյ Գոնչարենկոն:
«Մեր ամբողջ պատվիրակությունը լքել է դահլիճը։ Մենք այս նստաշրջանի համար ընդունել ենք որոշում, որ Ուկրաինայի պատվիրակությունը մասնակցելու է օրակարգի միայն այն կետերի քննարկմանը, որոնք վերաբերում են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ կիրառելուն»:
Գոնչարենկոյի խոսքով՝ Ուկրաինայի պատվիրակությունը դեռ կվերադառնա նիստերի դահլիճ՝ խանգարելու ՌԴ Պետդումայի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկու՝ ԵԽԽՎ-ի փոխխոսնակ ընտրվելուն:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երեքշաբթի հիասթափություն է հայտնել ԵԽԽՎ-ի որոշման կապակցությամբ, որն անցած գիշեր հաստատել Է ՌԴ պատվիրակության լիազորություններն ամառային նստաշրջանում:
«Հիասթափված եմ Ռուսաստանի Դաշնության պատվիրակության լիազորություններն առանց սահմանափակումների հաստատելու ԵԽԽՎ-ի որոշումից։ Անցած շաբաթ ես անձամբ այդ հարցը քննարկել եմ Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի հետ: Փորձել եմ համոզել պարոն Մակրոնին և տիկին Մերկելին, որ ԵԽԽՎ ռուսական պատվիրակության վերադարձը հնարավոր է միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը կկատարի վեհաժողովի սկզբունքային պահանջները», - գրել է քաղաքական գործիչը Facebook-ում: