25/06/2019 18:50
Երգիչ Արթուր Գալստյանը դատական հայց է ներկայացրել Գևորգ Մարտիրոսյանի դեմ. մանրամասնում է փաստաբանը
Մինչ աշխարհն արդեն վաղուց օրինական է համարում թուղթ ու թանաքով կնքված պայմանավորվածությունները, Հայաստանում դեռևս շարունակում են «պաշտոնական» որոշումներ կայացնել բանավոր մակարդակով, ինչն էլ հաճախ հանգեցնում է դատական քաշքշուքի:
Օրերս նման իրավիճակում հայտնվեցին 90-ականների ճանաչված երգիչ Արթուր Գալստյանն ու շոուբիզնեսի մերօրյա ներկայացուցիչ Գևորգ Մարտիրոսյանը: Վերջինս որոշել էր Արթուր Գալստյանի «Ով է նա» հեղինակային երգին նոր շունչ տալ: Արդյունքում, պարզվել էր, որ հեղինակային իրավունքի խախտում է կատարել, ու գործը հասել է, այսպես ասած, «դիվանբաշուն»:
Արթուր Գալստյանն Aysor.am-ի հետ զրույցում հրաժարվեց որևէ բացատրություն տալ՝ խնդրելով, որ մեր բոլոր հարցերի պատասխանները ստանանք իր փաստաբան Լուսինե Վիրաբյանից: Վերջինս էլ մանրամասնեց՝ Գևորգ Մարտիրոսյանն, առանց Արթուր Գալստյանի թույլտվության, վերցրել է նրա երգը, երգել ու տեսահոլովակ նկարահանել՝ խախտելով Ա. Գալստյանի ոչ գույքային հեղինակային իրավունքը: 2001 թվականից «Հայ հեղինակ» հասարակական կազմակերպությունում այդ երգի նկատմամբ Արթուր Գալստյանի հեղինակային իրավունքը գրանցված է:
Իր հարցազրույցներում Գևորգ Մարտիրոսյանը պարբերաբար նշում է՝ հեռախոսազրույց է ունեցել երգի հեղինակի հետ, նա էլ համաձայնվել է, որ երիտասարդ երգիչը նոր շունչ ու հոգի տա իր ստեղծագործությանը: Սակայն հեղինակի փաստաբանը նկատում է՝ Գևորգ Մարտիրոսյանի կողմից շահարկվում է այն հանգամանքը, որ ինքն ու Արթուր Գալստյանը հեռախոսային պայմանավորվածություն են ունեցել, ու վերջինս չի առարկել:
«Իրականում, ես չեմ կարող ասել՝ ի՞նչ հեռախոսազրույց են ունեցել իրենք, կամ՝ ունեցե՞լ են, թե՞ ոչ: Բայց եթե մենք հասել ենք այն դաշտին, որ խոսում ենք միայն օրենքի լեզվով, ապա ամեն անգամվա պես պետք է հիշեցնեմ, որ «ազնիվ խոսքը» ապացույցի տեսակ չէ: Թող գան, դատարանում փաստերով ապացուցեն, որ ունեցել են նման հեռախոսազրույց: Չնայած ասեմ, որ եթե նույնիսկ հեռախոսազրույց են ունեցել, միևնույն է, ըստ օրենսդրության՝ պետք է պայմանագրով արձանագրվեր համապատասխան թույլտվությունը: Գրավոր փաստաթուղթ պետք է կազմվեր, համաձայն որի՝ Արթուրը տալիս է իր թույլատվությունը տվյալ երգի օգտագործման համար», - նշեց Լուսինե Վիրաբյանը:
Փաստաբանն ընդգծեց՝ իր վստահորդն այդ երգի կատարման թույլտվությունը որևէ մեկին չէր փոխանցի, քանի որ այն հատուկ է գրվել ու նվիրվել է մի կնոջ՝ Մարի Դալիա Վան Մարկին, ով ևս մեծ վրդովմունք է ապրում, որ իրեն նվիրված երգն օգտագործվել է: Ի դեպ, Գևորգ Մարտիրոսյանի կողմից կատարվող երգն ու տեսահոլովակը «Յութուբում» արգելափակվել է Մարի Դալիա Վան Մարկի պահանջով:
Լուսինե Վիրաբյանը մեկ անգամ հանդիպել է Գևորգ Մարտիրոսյանի հետ: Ասում է՝ չնայած երգիչն ասել էր, որ հանդիպման կգա իր փաստաբանի հետ, սակայն ընկերոջ ուղեկցությամբ էր եկել:
«Մեր զրույցը, մեղմ ասած, չստացվեց: Իրեն առաջարկեցինք խնդրի լուծման 4 տարբերակ՝ հարցը արտադատական կարգով լուծելու համար: Առանց դատարան մտնելու առաջարկում էի օրինական պայմանագիր կնքել, դրամական փոխհատուցում տալ ու ամեն ինչ անել օրենքի սահմաններում: Ես փորձեցի սպառել բոլոր հնարավոր միջոցները, որպեսզի գործը դատարան չմտնի, ու երկու կողմերն առավել շահավետ պամաններում կարողանային վեճի հանգուցալուծում ունենալ: Սակայն չընդունվեց Գևորգի կողմից, ու հիմա նաև այդ նույն պահանջով մենք դատարան ենք մտնում՝ պահանջելով հեղինակային իրավունքի վերականգնում, համապատասխան վնասի, բացթողնված օգուտի հատուցում», - մանրամասնեց նա:
Փաստաբանի խոսքով՝ դատարան մտնելու ևս մեկ պատճառ կա. Գևորգ Մարտիրոսյանի պրոդյուսերի կողմից վիրավորական, պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող արտահայտություններ են հնչել Արթուր Գալստյանի հասցեին, ու հիմա իրենք պահանջելու են հրապարակավ ներողություն խնդրել այդ խոսքերի համար:
Նկատառմանը, որ Գևորգ Մարտիրոսյանը բազմիցս նշել է՝ այս երգն իրեն կոմերցիոն նպատակով չի հետաքրքրել, այլ պարզապես մանկության գեղեցիկ հիշողություններ է առաջացրել, մեր զրուցակիցը շեշտեց.
«Փաստը մնում է փաստ, որ շատ կարճ ժամանակահատվածում յութուբյան դիտումների արդյունքում երգը մեծ լսարան հավաքեց: Չի կարելի ասել, որ դա միայն Գևորգի կատարման շնորհիվ էր ու նրա հաղթանակն էր, դա նաև այդ երգի նկատմամբ «նոստալգիան» էր ժողովրդի մեջ, ովքեր 90-ականներց որոշակի հույզեր ունեին երգի հետ կապված: Գիտեք, շահարկվում է միտք, թե Արթուրը նախանձել է Գևորգի հաջողությանը, նախանձը լավ բան չէ և այլն… Նման կարծիքն ուղղակի ծիծաղ է առաջացնում: Դա այդ մարդու սեփականությունն է, ի՞նչ է նշանակում նախանձել է: Այսինքն, գան իրավունքը խախտեն, հետո ասեն՝ դու նախանձե՞լ ես իմ հաջողությանը: Հիմա ի՞նչ, եթե Արթուրն ունենար արտադրական որոշակի տարածք, որը չօգտագործեր, կամ՝ պասիվ օգտագործեր, մեկ ուրիշը գար այդ տարածքն ապօրինաբար զավթեր ու այնտեղ շատ լավ բիզնես ստեղծեր, սեփականատերը պետք է իրավապահ մարմիններին չդիմե՞ր, ասեր ոչինչ, որ իմ սեփական տարածքն ապօրինի վերցրել ու բիզնե՞ս ես անում: Չբողոքեր, որ որևէ մեկին չթվա՞ր, թե ինքը նախանձում է ապօրինի գործունեություն ծավալողի հաջողությանը։ Ամեն մարդ ինքն է որոշում՝ օգտագործի՞ իր ունեցածը, թե՞ ոչ, կամ՝ ո՞ւմ թույլ տա, որ այն օգտագործի: Ուզում եմ հասկանալ այն տրամաբանությունը, որ ինքն ասում է՝ Արթուրը պետք է ուրախ լինի, որ տարիներ շարունակ չերգված երգը ես երգել եմ»:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է վնասի փոխհատուցման պահանջը բավարարելուց հետո երգի հեղինակը յութուբյան արգելափակումը չեղարկի:
«Նայած, թե դատական պրոցեսի ընթացքում ինչ պայմանավորվածություն ձեռք կբերվի: Միայն վնասի, գումարի փոխհատուցումը դեռևս հիմք չէ ալիքի արգելափակումը չեղարկելու համար: Եթե ընթացքում կողմերը կգան հաշտության համաձայնության՝ գուցե», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Լուսինե Վիրաբյանը:
Նշենք, որ Aysor.am-ը մանրամասներ կներկայացնի նաև Գևորգ Մարտիրոսյանի կողմից։