25/06/2019 20:29
«Բալզակ. մի շան պատմություն» գրքի հեղինակ Լևոն Նեսը հանդիպել է իր փոքրիկ ընթերցողներին
«Բալզակ. մի շան պատմություն» մանկապատանեկան վիպակի հեղինակ Լևոն Նեսն «Ամառային ընթերցանություն» ծրագրի շրջանակներում այսօր «Բուկինիստ» գրախանութում հանդիպեց իր փոքրիկ ընթերցողներին։
Գիրքն արդեն շատ սիրված է, և երեխաներից շատերը Երևանով մեկ փնտրում են Բալզակ անունով շանն ու փորձում գուշակել նրա տերերի արտաքինը:
Գրողի հետ հանդիպմանը նրանք եկել էին բազմաթիվ հարցերով: Դրանցից մեկն իսկապես զարմացրեց բոլորին.
«Իսկ դուք նվիրե՞լ եք ձեր գիրքը շնաորսներին», - հեղինակին հարցրեց երեխաներից մեկը:
Ըստ գրքի, Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Անսովոր անուն է շան համար, բայց հեղինակը նրան օժտել է գրական ձիրքով, և այս փաստին դեմ գնալն անպտուղ գործ է: Լևոն Նեսը փորձել է մարդուն նայել կենդանու` շան աչքերով:
Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյոք կենդանին երբեմն ավելի բանական չէ՞, քան մարդը: Բալզակի տերերը փոխվում են, սակայն նրանց վերաբերմունքը մշտապես գնահատող Բալզակը թույլ է տալիս անվերապահորեն հավատալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:
«Ամառային ընթերցանություն» մանկապատանեկան ծրագիրը, որի շրջանակներում կայացավ միջոցառումը, հնարավորություն է տալիս երեխաներին ամռան ընթացքում գրքերի անվճար փոխանակում կատարել մեկ գրքի արժեքով և մասնակցել բազմաթիվ ուրախ գրական միջոցառումների:
Ծրագրի լավագույն ընթերցողների շնորհիվ 39 գրքով գրատնակը վեց ամսով հյուրընկալվում է նրանց դպրոցներում՝ բոլոր աշակերտներին հնարավորություն տալով անվճար ընթերցելու վերջին տարիներին «Զանգակ» հրատարակչության լույս ընծայած հայ և համաշխարհային հեղինակների լավագույն ստեղծագործությունները: