25/06/2019 19:41
Պատրաստվում ենք համերգին՝ սկսած աթոռները լվանալուց ու նստատեղերին թղթեր փակցնելուց. Կկայանա Ձախ Հարութի սպասված համերգը
Հունիսի 30-ին, ժամը 19:00-ին Հրազդան մարզադաշտում, տեղի կունենա ՀՀ վաստակավոր արտիստ Հարութ Փամբուկչյանի՝ Ձախ Հարութի բացառիկ համերգը: Թե՛ արտիստը և թե՛ նրա թիմը մեծ պատասխանատվությամբ են պատրաստվում այս բացառիկ իրադարձությանը:
Համերգին ընդառաջ զրուցել ենք միջոցառման կազմակերպիչ «Yeghoyan Production»-ի ղեկավար, արտիստի ընկեր Խաչիկ Եղոյանի հետ:
- Պարոն Եղոյան, համերգին մնացին հաշված օրեր: Պատրա՞ստ է արդյոք Ձախ Հարութը և նրա թիմը համերգին:
- Մենք թիմով ամեն օր տարբեր առումներով պատրաստվում ենք համերգին՝ սկսած աթոռները լվանալուց ու նստատեղերին թղթեր փակցնելուց՝ մինչև բեմ, լույս, ձայնային տեխնիկա: Էլ չեմ ասում փորձերի մասին:
- Ի՞նչ բարդություններ եք ունեցել նախապատրաստության ընթացքում:
- Բարդությունները շատ-շատ էին, քանի որ մենք գործ ունենք մի մարզադաշտի հետ, որտեղ մոտ 15 տարի ոչ մի միջոցառում չի կազմակերպվել: Բայց մեր սերը սեփական գործի հանդեպ, ու Աստծո ողորմածությունը կարծես ուժ են տալիս՝ հնարավորինս լավ իրականացնելու մեր առջև դրված նպատակը:
- Ինչպե՞ս է իրեն զգում Ձախ Հարութը:
- Ձախ Հարութն արդեն երկու ամիս է՝ Հայաստանում է, և մեր ամբողջ թիմի հետ հավասար մասնակցում է բոլոր կազմակերպչական աշխատանքներին: Տրամադրված է մարտական և իր խոսքով ասած՝ խաչը կհանի, կբարձրանա բեմ և նորից կկերտի մի գեղեցիկ երաժշտական պատմություն: Մենք, գուցե, այս ամենին սովորական ձևով ենք նայում՝ որպես հերթական աշխատանք, բայց կարծում եմ, որ կերտում ենք մի գեղեցիկ երաժշտական պատմություն:
- Արդյոք վաճառվե՞լ են համերգի բոլոր տոմսերը:
- Դեռ մնացել են շատ քիչ քանակի տոմսեր, այնպես որ կոչ ենք անում Ձախ Հարութի երկրպագուներին շտապել: