26/06/2019 11:44
Իմ հայրը Մարտի 1-ի գործով քաղբանտարկյալ է․ «Իմ քայլի» պատգամավոր
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը չի կիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կարծիքը, թե օրենք ու օրինականություն ՀՀ-ում չի գործում։
«Ոչ մի քաղաքական հետապնդում չկա՝ ըստ իս։ Իսկզբանե գործի կասեցման և ՍԴ ուղարկելու մասին օրինականության վերաբերյալ կասկածներ կային», - ասաց պատգամավորը խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ։
Պատգամավորն ընդգծեց, որ դատական ակտը երեկ է հրապարակվել և քանի որ հիմնավորումներին ամբողջությամբ ծանոթ չէ, զերծ կմնա մեկնաբանելու դատական ակտը, որպեսզի իր մեկնաբանությունը թյուրըմբռնումների առիթ չդառնա:
«Գորընթացը տեղի է ունենալու օրինականության սահմաններում ու օրենքին համապատասխան», - ընդգծեց նա։
Կարապետյանը նշեց, որ հանրային պահանջ է Մարտի 1-ի դեպքերի բացահայտումը։
Լրագրողի դիտարկմանը, թե նախկին իշխանության ժամանակ ինքը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետ էր և այդ ժամանակ երբեք չի բարձրաձայնել, որ կա Մարտի 1-ի բացահայտման հանրային պահանջ, ի՞նչ փոխվեց հիմա, Կարապետյանն ասաց, որ նախկինում ինքը պրոֆեսիոնալ գործունեություն է ծավալել հանձնաժողովում և քաղաքականությամբ չի զբաղվել:
«Ես մեծացել եմ քաղաքական ընտանիքում և ներգրավված եմ եղել քաղաքական գործընթացներում։ Իմ հայրը Մարտի1-ի գործով քաղբանտարկյալ է հիմա, թույլ տվեք այլևս չշարունակել», - ասաց նա: