26/06/2019 11:24
Երբ այս հարցի հետ կապված իրավական հանգուցալուծում կլինի, ԲՀԿ-ն իր գնահատականը կտա․ Տոնոյանը՝ Քոչարյանի մասին
Մարտի 1-ը բացառապես իրավական հարթության մեջ ենք դիտարկում, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը։
Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերում ԲՀԿ-ն դատարանի որոշմանը՝ կրկին կալանավորել ՀՀ երկրորդ նախագահին, Տոնոյանն ասաց․
«Երբ այս հարցի հետ կապված իրավական հանգուցալուծում կլինի, դրա հետ կապված ԲՀԿ-ն իր գնահատականը կտա»։
Դիտարկմանը, թե ԲՀԿ-ն կիսո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, որ ՀՀ-ում ոչ օրենք կա, ոչ էլ՝ օրինականություն, Տոնոյանն ասաց․
«Դա կարծիք է, որը գոյություն ունենալու իրավունք ունի։ Մենք բազմիցս ասել ենք, որ օրենքի առաջ բոլորն են հավասար և այս հայտարարության մեջ պետք է դիտարկել տեղի ունեցող իրադարձությունները»։
ԱԺ փոխնախագահ, ԲՀԿ-ական պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ հավելեց․
«Մենք կիսում ենք օրենքի գերակայության հանգամանքը։ Ժամանակի մեջ, երբ գործընթացի ամբողջական պատկերը կստանանք, մեր գնահատականները չեն ուշանա»։
ԲՀԿ-ական պատգամավորները հստակ չպատասխանեցին հարցին՝ Քոչարյանին քաղբանտարկյալ համարո՞ւմ են, թե՞ ոչ։
«Որևէ մեկը չի կարող իրավաբանի գործառույթ վերցնել իր վրա և կոնկրետ իրավական մասով գնահատակններ հնչեցնել տեղի ունեցող գործընթացի հետ կապված։ Մենք, չունենալով նման ամբողջական տեղեկատվություն և այդ ոլորտում որոշակի փորձառություն, մեզ վրա նման հանձնառություն չենք վերցնի։ Քանի դեռ ամբողջական պատկեր չկա այս հարցի հետ կապված, բնական է, որ մենք զերծ ենք մնալու այդ հարցի հետ կապված որևէ մեկնաբանություն տալուց՝ բացի նրանից, որ բոլոր հարցերը պետք է լուծվեն օրենքի գերակայության պայմաններում»։