26/06/2019 12:34
Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կունենա լուրջ խնդիրներ․ Անի Սամսոնյան
Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր, խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
«ՍԴ ներկա դատավոր Հրայր Թովմասյանը բոլոր չափանիշներով այսօր համարվում է դատավոր։ Ցանկացած անհատական մեկնաբանություն սահմանադրական նորմերի վերաբերյալ մեզ համար անընդունելի է», - ասաց պատգամավորը։
Սամսոնյանը նաև նկատեց՝ ԱԺ-ում Վահե Գրիգորյանը հայտարարել էր, որ ընտրվելու պահից սկսած ստանձնում է ՍԴ դատավորի պարտականությունները, մինչդեռ մինչ այս պահը դա տեսանելի չէ։
«Պարոն Գրիգորյանը եկավ ԱԺ-ում հայտարարեց, որ այս պահին ստանձնում է լիազորությունները, բայց, ինչպես տեսնում եք, անցել է մի քանի օր և նա չի ստանձնել այդ լիազորությունները։ Եթե պարոն Գրիգորյանը չդարձավ ՍԴ նախագահ, կարծում եմ՝ նա կունենա լուրջ խնդիրներ», - հավելեց Սամսոնյանը։
ԼՀԿ պատգամավոր Կարեն Սիմոնյանն էլ նկատեց՝ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ է ընտրվել համապատասխան իրավական ակտերով, որը վիճարկելու համար պետք է դիմել վարչական դատարան։
«Պարոն Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվել է համապատասխան իրավական ակտերով՝ ԱԺ որոշմամբ ու ու դրան հաջորդող իրավական ակտերով։ Եթե պարոն Գրիգորյանը գտնում է, որ տվյալ ակտերը իրավաբանորեն վիճարկելի են, կարող է դիմել վարչական դատարան և այդտեղ վիճարկել», - ասաց Սիմոնյանը։
Անի Սամսոնյանն էլ նկատեց․ «Մեկ անձը չի կարող ՀՀ-ում լինել իրավունքի աղբյուր, որոշել սահմանադրական նորմերը մեկնաբանել, և դրանք դառնան պարտադիր կատարման համար»։