26/06/2019 20:17
Իտալիայում ավելի քան 120 մարդ է ձերբակալվել մաֆիական գործունեության մեղադրանքով
Ավելի քան 120 մարդ է ձերբակալվել Իտալիայի տարբեր շրջաններում կամորրա հզոր հանցավոր կազմակերպությանը մասնակից լինելու մեղադրանքով, որը բազավորված է Կամպանիա հարավիտալական մարզում, լրագրողներին հայտնել են Նեապոլի դատախազության ներկայացուցիչները:
Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի լայնամասշտաբ գործողությունը լուսաբացին անցկացրել են կարաբինավորների հատուկ ստորաբաժանումների աշխատակիցները: Ինչպես հայտնի է դարձել, այդ գործի հետաքննությամբ համատեղ զբաղվում էին Մաֆիայի դեմ պայքարի վարչության, պետական ոստիկանության և ֆինանսական գվարդիայի ներկայացուցիչները:
Այս անգամ հարվածի տակ են հայտնվել կամորրայի՝ Կոնտինի, Մալարդո և Լիչարդի ազդեցիկ կլանները:
Խուզարկությունների ընթացքում առգրավվել է մոտ 130 մլն եվրո ընդհանուր գումարի ունեցվածք:
Ձերբակալվածները մեղադրվում են մաֆիական գործունեության, թմրանյութերի մաքսանենգության, ռեկետի, հանցավոր ճանապարհով ձեռք բերված փողերի «լվացման» և այլ ծանր հանցագործությունների մասնակցելու համար: Ստացված տեղեկատվության համաձայն, հետաքննության շրջանակում բացահայտվել են «պետական կառույցների գործունեությանը միջամտելու» փաստեր: