26/06/2019 14:13
Արձանագրված խախտումները եղել են էպիզոդիկ, ԵՊԲՀ-ում դրական արդյունքներ են արձանագրվել. Դավիթ Ադյանը՝ բժշկական համալսարանի մասին (Տեսանյութ)
ԵՊԲՀ-ում իրականացված ստուգումների վերաբերյալ ՊՎԾ-ի հայտարարությունը եղել է մակերեսային, արձանագրված խնդիրները՝ էպիզոդիկ, այսօր Երևանի պետական բժշկական համալսարանում հրավիրված հոգաբարձուների խորհրդի նիստում հայտարարեց Պետական վերահսկողական ծառայության սոցիալական ոլորտի վերահսկողության վարչության պետ Դավիթ Ադյանը։
«Երևանի պետական բժշկական համալսարանում բավականին դրական արդյունքներ են արձանագրվել 4 տարիների ընթացքում», - հայտարարեց Դավիթ Ադյանը։
Նա նշեց, որ արձանագրված ցանկացած խնդիր արագ արաձանք է ստացել վերահսկվող օբյեկտի կողմից։
«Նույնիսկ խնդիրներ կան, որոնք ուսումնասիրության ընթացքում արձանագրվել են և ուսումնասիրության ավարտին արդեն իսկ վերացված են եղել», - ասաց Դավիթ Ադյանը։
ՊՎԾ պաշտոնյան արձանագրեց՝ ԵՊԲՀ-ում իրականացրած ուսումնասիրությունների վերաբերյալ ՊՎԾ տարածած տեղեկանքում այն դրական միտումները, որոնք արձանագրվել են տարիների ընթացքում, գուցեև այդքան հստակ ներկայացված չեն։
«Օգտվելով առիթից՝ ուզում եմ նշել, որ բժշկական համալսարանում բավականին դրական արդյունքներ են արձանագրվել 4 տարիների ընթացքում», - նկատեց Դ. Ադյանը։
Նա ասաց նաև, թե հանրապետության գրեթե բոլոր բուհերում եղել է եկամտային մասի անկում. «Այնինչ, Բժշկական համալսարանում կրթության ծառայությունների մատուցումը եկամտի մասով ունեցել է աճ։ Արձանագրվել է նաև, որ տարիների ընթացքում աշխատավարձերի դինամիկ աճ է եղել»։
Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը հետաքրքվեց, թե որքանո՞վ են արժանահավատ ՊՎԾ-ի ներկայացրած տեղեկությունները։
«Եթե Պետական վերահսկողական ծառայությունը տեղեկանքում ֆիքսում է խնդիրներ, դա չի նշանակում, որ այդ խնդիրները կարող են լինել հանցագործություն։ Մենք օրինականության և արդյունավետության ուսումնասիրություն ենք իրականացնում։ Վերահսկողության կարևորագույն նպատակն արձանագրված խնդիրների հետագա կանխարգելումն է», - ասաց Դավիթ Ադյանը։
Հիշեցնենք՝ ՊՎԾ-ն ուսումնասիրություն էր իրականացրել ԵՊԲՀ-ում, որի ավարտից հետո հայտարարություն տարածել, թե «Համալսարանում իրականացված ուսումնասիրության արդյունքում արձանագրվել են խնդիրներ գնումների ընթացակարգերի կազմակերպման, լրացուցիչ աշխատավարձերի հաշվարկման, շինարարարական աշխատանքների իրականացման գործընթացներում»։
ՊՎԾ-ն տեղեկանքում մի շարք խախտումների մասին էր նշել, ապա հավելել. «կազմված տեղեկանքում հանցագործության հատկանիշների առկայության հանգամանքը ստուգելու նպատակով այն ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն»։
Մանրամասները՝ տեսանյութում։