26/06/2019 11:07
Ամերիկացի կոնգրեսականներն առաջարկել են արգելել Թրամփին ռազմական գործողություն սկսել Իրանի դեմ
ԱՄՆ կոնգրեսականներ Ռո Հաննան, Մեթ Հեթցը եև Էնթոնի Բրաունն առաջարկել են ուղղում մտցնել ԱՄՆ-ի ռազմական բյուջեում, որը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին թույլ չի տա ֆինանսական միջոցներն օգտագործել առանց Կոնգրեսի հավանության Իրանին հարված հասցնելու համար:
«Նախագահ Թրամփը միտումնավոր ու հապճեպորեն մեզ տանում է Իրանի հետ հակամարտության, ինչը հղի է Մերձավոր Արևելքում նոր պատերազմի սանձազերծմամբ»,- ասված է Բրաունի հայտարարության մեջ:
Նա հիշեցրել Է, որ Միացյալ Նահանգների ռազմավարությունը հանգում է այն բանին, որ Իրանը բերվի բանակցությունների սեղանի շուրջ և նրան հնարավորություն չտրվի միջուկային զենք ստանալ: Բրաունի կարծիքով՝ Թրամփի կողմից ստեղծված մթնոլորտում այդ մասին մոռացել են ինչպես կոնգրեսականները, այնպես էլ սովորական ամերիկացիները: Հաննան նշել է, որ անցած շաբաթ Թրամփն Իրանին հարվածը կանգնեցրեց դրանից մի քանի րոպե առաջ:
Այդ հարվածը ԱՄՆ-ին կներքաշեր «տրիլիոն դոլար արժողությամբ ևս մեկ պատերազմի մեջ Մերձավոր Արևելքում»՝ հակառակ նախագահի նախընտրական խոստումների, հավելել է նա:
Հեթցի հայտարարության մեջ ասված է, որ «ոչ սահմանադրական, անվերջ պատերազմները Մերձավոր Արևելքում ոչ թե ուժեղացնում, այլ ավելի են թուլացնում Ամերիկան»: Նա ընդունել է, որ Միացյալ Նահանգները պետք է ուժ դրսևորի Իրանի նկատմամբ, բայց ռազմական ցանկացած գործողության վերաբերյալ որոշումը պետք է ընդունի Կոնգրեսը սահմանադրական հիման վրա: